ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն, ովքեր մինչև տեղահանությունն ունեցել են կենսաթոշակի իրավունք, կվերականգնեն իրենց թոշակը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներն, ովքեր մինչև տեղահանությունը ունեցել են կենսաթոշակի իրավունք, էլեկտրոնային հարթակում տվյալները լրացնելուց հետո կվերականգնեն իրենց թոշակը:

Այս մասին հունվարի 10-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրերը:

«Մեզ համար կարևոր հարցերից էր նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների տրամադրումը, որտեղ իրականացրինք օրենքի փոփոխություն, ինչի արդյունքում կառավարությանը վերապահվեց լիազորություն, որպեսզի մենք կարողանանք այդ խնդիրը լուծել: Ըստ էության որոշվեց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մինչև տեղահանությունն ունեցել են կենսաթոշակի իրավունք, էլեկտրոնային հարթակում կարող են լրացնել իրենց տվյալները և դրանց մշակվելուց հետո կստանան կամ արդեն ստացել են իրենց թոշակը: Իսկ այն քաղաքացիները, որոնց կենսաթոշակի իրավունքը լրացել է Հայաստանում, նրանք սահմանված կարգով, ինչպես որ ՀՀ քաղաքացիները, պետք է մոտենան Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ: Այս պահին գործում է 49 Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների նպաստների տրամադրման մասով նախարարը նշեց, որ 2024 թվականի հունվարի 9-ի դրությամբ արդեն իսկ 135 անձի նշանակված է երեխայի ծննդյան միանվագ նպաստ, 55 անձի՝ մայրության նպաստ և 165 անձի՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ: Մկրտչյանը նշեց, որ գործընթացը դեռ ընթացքի մեջ է:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիները կսկսեն ստանալ նպաստները նույն այն ժամանակահատվածում և այն նույն տրամաբանությամբ, ինչ ՀՀ նպաստառուները»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ այժմ գտնվում են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման փուլում և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները շարունակում են աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների ավելի խորքային կարիքների գնահատման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս