«Փաստը, որ ամերիկյան կողմն առաջինը Երևան է եկել, նշանակում է՝ Բաքվի դիրքորոշումը շատ ավելի կարծր է»․ եվրոպացի վերլուծաբան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի Երևան այցի հիմնական նպատակն էր կազմակերպել եռակողմ հանդիպում Վաշինգտոնում՝ փորձելով առաջ շարժվել խաղաղության պայմանագրի վերջնականացման և ստորագրման հարցում: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև նշել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնել են հունվարի վերջին սահմանագծման հանձնաժողովների հերթական նիստն անցկացնել:
«Հունվարի 4-ին հայկական կողմը խաղաղության պայմանագրի հերթական տարբերակն է փոխանցել Ադրբեջանին։ Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Երևանում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է, որ Երևանյան այցի ընթացքում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ընդլայնվող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ «Միացյալ Նահանգները կշարունակի իր ամուր աջակցությունն արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ջանքերին»,- ասված էր կարճ հաղորդագրությունում։
Սակայն Ադրբեջանը շարունակում է հայտարարել, թե Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններում։ Բաքուն նշել է, թե ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի մեկնաբանությունները «Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ հավասարակշռված չէին»: Օ’Բրայենը նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի լսումներում քննադատել էր ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի հայաթափմանը: Այս հայտարարություններին հաջորդել էր Բլինքենի զանգն Ալիևին, ապա՝ Օ’Բրայանի այցն Ադրբեջան։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար:
Պաշտոնական Վաշինգտոնի այս որոշումը հաջորդել էր Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական սրբավայրերի պահպանման առնչությամբ Միջազգային կրոնական ազատության հարցերով Միացյալ Նահանգների հանձնաժողովի բարձրաձայնած մտահոգություններին:
168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ստանդարտ իրավիճակում ԱՄՆ միջնորդ դիվանագետը պետք է մեկներ նախ Բաքու, որպեսզի առաջին հերթին մերժող երկրի հետ համաձայնեցվեր հանդիպման փաստը, քանի որ հենց Բաքուն է, որ հանդիպումների պայմանավորվածություններ է չեղարկել, իսկ Երևանն անընդհատ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Վաշինգտոնում։
«Սակայն փաստը, որ ամերիկյան կողմն առաջինը Երևան է եկել բանակցությունների համար, նշանակում է, որ Բաքվի դիրքորոշումը շատ ավելի կարծր է, քան թվում է, ուստի Երևանն ու Վաշինգտոնը հավելյալ քննարկումներով փորձում են իրավիճակին ելքեր գտնել։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ համանախագահը մեկնելո՞ւ է Բաքու, թե՞ ոչ, ամենայն հավանականությամբ, կմեկնի, սակայն ուշադրության արժանի է նաև մեկ այլ հանգամանք, որ ամիսներ առաջ էլ միայն Բաքու մեկնեց ռուս համանախագահը։
Սա, թերևս, ցույց է տալիս, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում պահում է ՌԴ-ի ներկայությունը, իսկ ՀՀ-ն՝ Վաշինգտոնի։ Սակայն որպես միջնորդ՝ ներկայումս ավելի մեծ վճռականություն ու պատրաստակամություն է ցուցաբերում ԱՄՆ-ը և ոչ ՌԴ-ն, քանի որ ԱՄՆ-ին հարկավոր է իրավիճակի շուտափույթ հանգուցալուծում, իսկ ՌԴ-ին՝ ոչ։
Բազմաթիվ պատճառներ կան այս դիրքորոշումների համար, սակայն դրանք բոլորը փոխկապակցված են, գլխավորը ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս բերելն է, ՌԴ-ն դրա դեմ դուրս գալու լուրջ ուժեր չունի և պարզապես հույսը դրել է կողմերի երկարամյա հակասությունների ու այս փուլում ևս դրանց չլուծվելու մեծ հավանականության վրա։ Իսկ ԱՄՆ-ը լավ աշխատում է Հարավային Կովկասում, սակայն չի պատկերացնում, որ պետքարտուղարը կարող է միջնորդել, և բանակցությունները կարող են չհաջողել։ ՌԴ-ն, սակայն, սա շատ լավ է պատկերացնում, ռեգիոնալ առանձնահատկություններին ՌԴ-ն տիրապետում է՝ ինչպես ոչ մի երկիր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա կանխատեսումների համաձայն, շատ ավելի հավանական է, որ կողմերը հանդիպեն ուղիղ, քան միջնորդների մասնակցությամբ։
Հարցին, թե ԱՄՆ-ը ինչպես է գնահատում Իրանի հավակնությունը՝ միջնորդել Խաղաղության համաձայնագրի կնքմանը, վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ այդ հավակնությունը հասկանալի է, բայց քիչ իրագործելի։
Նա հիշեցրեց, որ Իրանը, չնայած ռեգիոնում ունեցած ազդեցությանը, երբևէ չի կարողացել և չի մասնակցել բանակցությունների։
«Նախկինում՝ այն պատճառով, որ կար ԵԱՀԿ ՄԽ-ն, իսկ ներկայումս՝ այն, որ գործընթացով զբաղվում է Արևմուտքը, մասամբ՝ Ռուսաստանը, իսկ Իրանը դրանց մասնակցելու պատշաճ փորձ չունի, ուստի փորձում է նոր ձևաչափերի շրջանակում այս հարցը քննարկման առարկա դարձնել։ Սակայն կարծում եմ, քանի դեռ Երևանը հույսեր է կապում Վաշինգտոնի հետ, իրանական այս հավակնությունները որևէ մեկի հետաքրքիր չեն։ Եթե Արևմուտքին չհաջողվի, գուցե Երևանը «նայի» Իրանի կողմ։ Ինչո՞ւ չեմ խոսում Ադրբեջանի մասին, քանի որ Ադրբեջանին, որքան հասկանում եմ, հարկավոր են հնարավորինս քիչ միջնորդներ»,- ասաց նա։
Ստյուարտի խոսքով, Ադրբեջանի դեպքում ընդունելի է, որպեսզի, եթե միջնորդներ լինեն, ապա դրանք լինեն ռեգիոնից։ «Դա են ցույց տալիս վերջին հայտարարությունները»,- ասաց նա։
Խոսելով կողմերի միջև բանակցային փաթեթների փոխանակության մասին՝ վերլուծաբանն ասաց, որ դա շատ կարևոր փուլ է բանակցությունների համար, քանի որ, ինչպես երևում է՝ կողմերը բանավոր ինչ-որ հարցեր քննարկում են, իսկ գրավոր տարբերակում փորձում են այլ կետեր առաջ մղել։
«Սա բանակցային մեծ բարդություն է, որի մասին հայկական կողմը խոսեց։ Սա կարող է բարդացնել առանց այն էլ բարդ ընթացքը դեպի խաղաղության համաձայնագիր»,- ասաց նա։