Թուրքիան և Ադրբեջանը նոր թափով են բարձրացնում միջանցքի հարցը․ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխվել հարցի շուրջ

Չնայած Ադրբեջանի պաշտոնատար անձինք ժամանակ առ ժամանակ պնդում են, թե ՀՀ ինքնիշխան տարածքն իրենց «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղի են փորձում կառուցել Իրանի տարածքով, Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից։

Գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պնդել է, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության, քանի որ, իբրև թե Երևանը նման պարտավորություն է ստանձնել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ։

«Հայաստանը պարտավորվել է անխոչընդոտ կապ երաշխավորել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, Ադրբեջանի նախագահն այդ դրույթին է հղում անում»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով, Հայաստանը պետք է հրաժարվի սահմանային ու մաքսային վերահսկողությունից։

Կարդացեք նաև

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև ասել է, թե իրենք ակնկալում են սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար։ Նա, մասնավորապես, նշել է, թե Ադրբեջանը չի վստահում հայ իրավապահներին։ «Մեր մտահոգությունն այն է, որ չենք կարող ադրբեջանական ապրանքները, մեր ուղևորներին թողնել հայ իրավապահների քմահաճույքին։ Հայաստանով երթուղին Երևանի պարտավորությունն է, որը նրանք պետք է իրագործեն»,- ասել է Հաջիևը։

Իր հերթին՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ակնկալում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը։

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածի՝ սկսած Բաքվից մինչև Հորադիզ, կառուցումը մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ։ Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուրալօղլուն։

Նա հավելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են՝ բացառությամբ Հայաստանի տարածքով անցնող հատվածի։

«Կպահանջվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Թուրքիայի հետ կապող գոյություն ունեցող մոտ 100 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցումը, որի շարունակությունը կլինի Իգդիր-Կարս երկաթգիծը»,- ասել է Ուրալօղլուն։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Երևանի դիրքորոշմանը, նախարարն ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնություն է արվել, հայկական կողմը բացասաբար է արձագանքել՝ չնայած այն հանգամանքին, որ խոսվել է նաև «Հայաստանի համար այս ծրագրի օգուտների» մասին։

«Սակայն վերջերս Փաշինյանի կողմից դրական ուղերձներ են հնչել այս միջանցքի վերաբերյալ. «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածի երկարությունը մոտ 43 կմ է։ Նրանք պետք է ձեռնարկեն պլանավորում և մրցույթներ, որպեսզի միջանցքն ամբողջությամբ ավարտված համարվի: Այսպիսով, Թուրքիան ուղիղ և հեշտ մուտք կստանա դեպի թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է նա։

Թուրք նախարարը նաև նշել է, որ Իրանն իր հերթին՝ հանդես է եկել ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ, որի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի հետ կկապվի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը:

«Մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, սակայն դեմ չենք, որ Իրանը նույնպես իր տարածքով դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս կապի մաս: Իրանական կողմի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են։ Այս նախագիծն իր ժամանակին իրագործվելու է»,- ասել է Ուրալօղլուն։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իրականում այս հայտարարությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը չի հրաժարվել հենց Հայաստանով անցնող այս երթուղու տարբերակից։

Ըստ նրա, ցույց տվեցին նաև գլխավորը, որ այս հարցի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխվել, այսինքն՝ չի բացառվում, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ ներկայումս։

«Երևի թե հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը նոր թափով ու ավելի մեծ վստահությամբ է փորձում առաջ մղել այս նախագիծը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ նախորդ տարի ինչ-ինչ իրողությունների պայմաններում Ադրբեջանը կա՛մ հրաժարվեց, կա՛մ ցույց տվեց, թե հրաժարվել է այս պրոյեկտից, փորձելով նոր ճանապարհ կառուցել Իրանի միջոցով։ Ինչպես հիշում ենք, կողմերը ոգևորված հայտարարեցին, որ սկսում են կառուցման աշխատանքները, որ սա «Նախիջևանի միջանցք» անվանումով հայտնի տարբերակին այլընտրանք կդառնա։ Սակայն այսօր պարզվում է, որ չի դառնա, քանի որ Ադրբեջանում ամեն դեպքում ցանկանում են հայկական տարբերակը»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, պաշտոնական Երևանից հնչող հայտարարությունները հենց այս պրոյեկտի վերաբերյալ ներկայումս չեն փոխվել, փոխվել է աշխարհաքաղաքական կոնսենսուսը սրա շուրջ, որից Ադրբեջանը, հետպատերազմյան բոլոր պայմանավորվածությունների համաձայն, փորձում է առավելագույնը շահել։

Խրամչիխինը հիշեցրեց բավականին երկար ժամանակ տարվող քարոզչությունը, թե Ռուսաստանը Հայաստանից միջանցք է պահանջում այն դեպքում, երբ ՌԴ պաշտոնյաները հայտարարում էին, որ քննարկումների օրակարգում միջանցքի հարց չկա։

«Չեմ կարծում, թե այս հարցում ՌԴ մոտեցումն է փոխվել, գուցե գործընթացում ներառված այլ դերակատարների մոտեցո՞ւմն է փոխվել։ Սա չի բացառվում, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցությունը պարզապես քաղաքական գործընթացների նկատմամբ չէ միայն, այլ բոլոր զարգացումների, որոնցում բավականին էական նշանակություն ունեն հենց տնտեսական երթուղիները, միջանցքները, ճանապարհները։ Այս հարցում, կարծում եմ, գեոպոլիտիկ բոլոր կենտրոններն ունեն իրենց պատկերացումները, շահերն ու սցենարները»,- նշեց Խրամչիխինը։ Նրա խոսքով՝ սա դեռ «խմորվող» գործընթաց է։

«Բավականին էական ազդեցություն են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի դիրքորոշումները։ Երևանից հնչող հայտարարությունները կարևոր չեն, ընդհանրապես կարևոր չեն հայտարարությունները, այլ քայլերն ու քաղաքականությունը։ Եթե Երևանը ցանկանում է ռեգիոնում հայամետ լուծումներ, պետք է ունենա գործընկերային հարաբերություններ նախ՝ հենց Հարավային Կովկասում, քանի որ միևնույն է՝ Արևմուտքը հեռու է։ Արևմտյան երկրների ներկայությունը Հարավային Կովկասում կայուն չէ։ ՀՀ արտաքին քաղաքական հաշվարկները հիմնված են Արևմուտքից կախված հույսերի վրա։

Ենթադրվում է, որ Արևմուտքը պետք է պաշտպանի ՀՀ դիրքորոշումները։ Բայց արդյո՞ք դա տեղի կունենա, արդյո՞ք Երևանին հարկավոր չեն դաշնակցային ու վստահելի հարաբերություններ Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնց ձայնը Հարավային Կովկասում լսելի է։ Երևանի քաղաքականությունից շատ բան է կախված՝ ազդեցիկ կլինի՞ Երևանի դիրքորոշումն այս հարցում, թե՞ ոչ։ Նախագիծը կա, Ադրբեջանի ցանկությունը՝ ճնշումներով լուծել այս հարցը, կա, աշխարհաքաղաքական մրցակցությունը՝ կա, Երևանի կողմից միայն հայտարարությունները որևէ հարց չեն լուծում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս