Եթե այս տարի ևս ՀՀ-Ադրբեջան բանակցությունները շարունակվեն նախորդ տարվա տրամաբանությամբ, ապա ռեգիոնում կայունություն չի լինի․ Ցինցաձե
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն կարծում է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմն այս տարի էլ թելադրող դիրք կունենա միջազգային հարաբերություններում, ինչպես նախորդ տարիներին։
168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբանն ասաց, որ որևէ նշան չկա, որ Ռուսաստանը կնահանջի և փոխընդունելի պայմաններով կավարտի պատերազմն Ուկրաինայում։
«Սա նշանակում է, որ գլոբալ ծանր առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև շարունակվելու է։ Որքան իրավիճակը երկարաձգվում է, տեսնում ենք, որ Ռուսաստանն ադապտացվում է իրավիճակին, պատժամիջոցներին, աշխարհաքաղաքական իրավիճակին, փորձում նոր կոալիցիաներ, գործընկերներ, նոր շուկաներ գտնել, ուստի հակամարտության այս երկարաձգումը ձեռնտու է Ռուսաստանին։ Արևմուտքին ձեռնտու էր, որ ամեն ինչ արագ, ինտենսիվ ու մեծ թափով ավարտվեր՝ ի օգուտ Ուկրաինայի։ Դա տեղի չի ունենում և դա որևէ լավ բան չի խոստանում թե եվրոպական մայրցամաքին, թե մեր տարածաշրջանին»,- ասաց վերլուծաբանը։
Ցինցաձեն արձանագրեց, որ իրադարձությունների ինտենսիվությունն ու արագությունը կօգներ նաև Հարավային Կովկասին՝ դուրս բերելով Ռուսաստանի ազդեցությունն այստեղից։
«Սակայն դա ևս տեղի չի ունենում, ու անընդհատ մրցավազքի ականատեսն ենք։ Ռուսական դիրքորոշումն ամրապնդելու գործին այս փուլում միացել է նաև Իրանը, կա նաև Թուրքիայի թաքնված աջակցությունը։ Այս կոալիցիայով փորձ է արվելու այս տարի հավասարակշռել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցությունը, որն էական դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։
Վրաստանը և Հայաստանն աշխարհաքաղաքական մի շարք ուժերի ճնշումների թիրախում են լինելու, խոսքը մի կողմից՝ Արևմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիայի մասին է։ Հարավային Կովկասում ակնհայտորեն Վրաստանն ու Հայաստանն ունեն արևմտյան ձգտումներ, սակայն Արևմուտքը թե Վրաստանից, թե Հայաստանից էլ ավելի մեծ համարձակություն է ակնկալում, իսկ Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիան ակնկալում է վերացնել այդ ձգտումները, դրա համար ջանքեր են ներդրվելու»,- ասաց վրացի վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը, Սոսո Ցինցաձեն գտնում է, որ որքան հակամարտությունը լինի միջազգայնացված, որքան ԱՄՆ-ը և Ռուսաստանը ձգտեն կառավարել բանակցային գործընթացը, այնքան ռեգիոնում խնդիրներ են ստեղծվելու։
«Ժամանակը ցույց է տալիս, որ կողմերը կարող են բանակցել ուղիղ ձևաչափով կամ համաձայնել վրացական առաջարկին։ Չեմ ժխտի, որ սա ունի իր դժվարությունները, սակայն իրական խաղաղության համար բոլոր կողմերը պետք է զիջումներ անեն՝ բոլոր հարցերը համաձայնեցնելով երկկողմ ձևաչափում, այլապես հակամարտությունը կշարունակի ձգվել անվերջ»,- ասաց Ցինցաձեն։
Նրա կանխատեսումների համաձայն՝ Հայաստան-Ադրբեջան հարթությունում իրադարձությունները կախված են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների որոշումներից։
«Եթե այս տարի ևս Հայաստան-Ադրբեջան բանակցությունները շարունակվեն նախորդ տարվա տրամաբանությամբ, ապա Հարավային Կովկասում կայունություն չի լինի»,- նկատեց նա։