Իրանն այս ահաբեկչության արդյունքում ստացել է գործողությունների ազատություն՝ պատժելու իր թշնամիներին. Վարդան Ոսկանյան. «Փաստինֆո»
Եթե անգամ Իրանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորումն է ստանձնել, մինչնույն է, կարծում եմ, այդ ահաբեկչության հետևում կանգնած են այլ կազմավորումներ, որոնց ձեռնատու է Իրանի ներսում իրավիճակի ապակայունացումը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ անդրադառնալով հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում նահատակների գերեզմանատանը տեղի ունեցած պայթյուններին, որոնց արդյունքում հաստատված զոհերի թիվը հասել էր 89-ի։
Իրանագետն ընդգծեց, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու միջոցով Իրանի թշնամիները փորձում են ստեղծել տպավորություն, որ այս երկրի ներսում այլևս չկա անվտանգություն։
«Խնդիրն այն է, որ իրանական պետական քարոզչությունը տարիներ շարունակ պնդում է, որ Իրանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է, դա պայմանավորված է նրանով, որ իրանցիները ներկայություն ունեն իրենց պետության սահմաններից դուրս և բոլոր անվտանգային ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնում են Իրանի տարածքից դուրս։ Հիմա ահաբեկչության հետևում կանգնածները հիմնական թիրախ են են ընտրել հենց այս հանգամանքը և փորձում են Իրանի բնակչության շրջանում ստեղծել տպավորություն, թե այս երկրի ներսում չկա անվտանգություն»,- նշել է Վարդան Ոսկանյանն ու ավելացրել. «Իրականում ահաբեկչական հարձակումներից ապահովագրված չէ ոչ մի պետություն, անգամ համաշխարհային այնպիսի գերտերություն, ինչպիսին ԱՄՆ-ն է, որը 2001 թ-ի սեպտեմբերի 11-ին ենթարկվեց ահաբեկչական հարձակման։ Ուստի այս առումով Իրանը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի ամենաանվտանգ պետություններից մեկը»։
Ոսկանյանի դիտարկմամբ՝ ամենակարևոր հանգամանքն այստեղ այն է, որ փաստացի Իրանը այս ահաբեկչության արդյունքում ստացել է գործողությունների ազատություն՝ պատժելու իր թշնամիներին։ «Այդ գործողությունների ազատությունը նաև բերելու է նրան, որ Իրանը ուժեղացնելու է իր ներկայությունը Մերձավոր Արևելքի այն հատվածներում, որտեղ արդեն իսկ ներկա է։ Բնական է, որ Իրանի նման պետության պարագայում նման ահաբեկչական գործողությունը չի մնալու անպատասխան, իրանցիներն արդեն հայտարարել են, որ շատ կոշտ պատասխան են տալու կատարվածին»։
Հարցին, թե սա կարո՞ղ է հանգեցնել տարածաշրջանային լարվածության՝ նա նշեց, որ ընդհանուր առմամբ, եթե դիտարկենք դեպքերի ընթացքը, ապա կտեսնենք, որ թե Լիբանանում, թե Իրաքում իրանամետ ուժերի վրա հարձակումները, թե Իրանի ներսում իրականացված ահաբեկչությունը կարելի է դիտարկել որպես միասնական շղթայի տարբեր բաղադրիչներ, որոնց նպատակն է թույլ չտալ, որպեսզի Իրանն իր ազդեցությունն էլ ավելի մեծացնի տարածաշրջանում։ «Բայց պատմական փորձը ցույց տալիս, որ Իրանին զսպելու քաղաքականությունը բերում է այս պետության էլ ավելի մեծ ազդեցության Մերձավոր Արևեքլի տարածաշրջանում։ Կարծում եմ այս պարագայում էլ այդպես կլինի»։