Պետության «ամանորյա նվերը»՝ ԱՆԻՖ-ին. 1 միլիարդ 800 միլիոն դրամ դրամաշնորհ
Դեկտեմբերի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, կնքել են պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր: Դրամաշնորհի գումարը պայմանագրով 1 միլիարդ 800 միլիոն դրամ է և նախատեսված է Հայաստանում և արտերկրում ներդրումային և պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով ծրագրերի աջակցման համար:
Մասնավորապես, այդ գումարով նախատեսվում է աջակցել «Ֆլայ Արնա» նախագծով նոր ուղղություններով չվերթերի կազմակերպման գործընթացին, միջնաժամկետ ռազմավարական ծրագրի վերանայմանը, ԱՌՖԻ հարթակում տեղաբաշխված նախագծերի համար ֆինանսական արշավների կազմակերպմանը, Հայաստանում և Հայաստանի հետ էական տնտեսական կապեր ունեցող երկրներում ծրագիրն իրականացնող մասնագիտական կազմակերպության մասին տեղեկատվության բարձրացման իրականացում լոկալ և միջազգային ԶԼՄ-ներում հրապարակումների միջոցով:
Ծախսային ուղղությունների մասին
Պայմանագրով շուրջ 833 միլիոն դրամ նախատեսված է աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների համար՝ չի նշվում, թե քանի աշխատողի մասին է խոսքը, 414 միլիոն կուղղվի ԱՆԻՖ-ի կողմից հիմնադրված կառույցներին, 45 միլիոն 317 հազար դրամ՝ գրասենյակային և դրան վերաբերելի այլ վճարների համար, 27 միլիոն 230 հազար դրամ՝ խորհրդատվական ծառայությունների համար՝ դարձյալ չի հստակեցվում, թե ինչ քանակի մասին է խոսքը, 10 միլիոն 577 հազար դրամ՝ ներկայացուցչական ծախսերի, հանրային միջոցառումների համար, և այլն:
Ի դեպ, նույն չափով դրամաշնորհ ԱՆԻՖ-ին հատկացվել է նաև նախորդ տարի՝ այդ անգամ արդեն վարչապետի աշխատակազմի կողմից. մայիսի 3-ին կնքված դարձյալ 1 միլիարդ 800 միլիոն դրամ դրամաշնորհի պայմանագրով ԱՆԻՖ-ը պետք է իրականացներ «Ֆլայ Առնա»-ի գործունեության մեկնարկը, ԱՌՖԻ ներդրումային հարթակի գործարկումը, օտարերկրյա ներդրողների գրավմանը միտված գործողություններ և ԱՅԳ-1 ծրագրի աջակցությունը: