«Այս գործողությունների հետևանքով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում էականորեն թուլանում է, որը չի բխում Հայաստանի շահերից». Արմեն Պետրոսյան
Հունվարի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Քերման քաղաքի դեպի գերեզմանոց տանող ճանապարհներին պայթյուն էր տեղի ունեցել։ Այդ օրը իրանցիները գերեզմանոցում, որտեղ հուղարկավորված է իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սուլեյմանին, նշում էին նրա մահվան տարելիցը։
Իրանցի գեներալը զոհվել էր 2020 թվականի հունվարի 3-ին, այս տարի նույն օրը տասնյակ-հազարավոր մարդիկ ուխտի էին գնացել գեներալի գերեզմանին։
Հունվարի 4-ին Իրանում հայտարարվեց համապետական սգո օր, չեղարկվել են բոլոր պաշտոնական այցերը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ի՞նչ զարգացումներ ու ազդեցություն կարող է ունենալ Իրանում կատարված ահաբեկչությունը տարածաշրջանի փխրուն խաղաղության վրա։
168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ ասաց, որ մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ահաբեկչություն իրականացնելու պատասխանատվությունը ստանձնելը, առնվազն ահաբեկչության ծրագիրը հաշվի առնելով՝ ակնհայտ էր, որ հենց այդ կազմակերպության գործելաոճն է։ Տարբեր վայրերում ահաբեկչական հարձակումների ժամանակ, սովորաբար նրանք այս գործելաոճն են օգտագործել։
«Երբ միաժամանակ գործարկվում է երկու պայթուցիկ, մեկը՝ ավելի թույլ, որն իր վրա է կլանում զանգվածների ուշադրությունը, դրան հաջորդում է մեծ պայթյուն, ինչն էլ հանգեցնում է ավելի մեծ հետևանքների։ Երբ պարզ դարձավ որ նույն սխեման է գործել, ակնհայտ էր, որ գործելաոճն «Իսլամական պետությանն» է։ Ըստ էության, եթե մենք հավատանք այդ «Իսլամական պետության» հայտարարությանը, ապա փաստացի մենք ունենք կազմակերպչի հանգամանքը, այս ահաբեկչությունը պետք է դիտարկել շատ ավելի լայն համատեքստում՝ տարածաշրջանում ընթացող գործընթացների և դրա կարևոր շերտի, որն ուղղված է Իրանի ազդեցության չեզոքացմանն ամբողջ տարածաշրջանում։ Այսինքն՝ Գազայում ընթացող պատերազմը և դրան ածանցյալ՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ Իսրայելի կողմից պարբերաբար իրականացվող գործողությունները, որոնք ևս որոշակի արդյունավետություն են տալիս, փաստացի հանգեցրել են նրան, որ «Հեզբոլլահը» հետ քաշի Իսրայելի հետ սահմանից իր զինված ուժերը։ Դրան զուգահեռ՝ Սիրիայում շարունակվող գործողությունները. հատկապես նախորդ տարվա հոկտեմբերից Իսրայելն ակտիվացրել է գործողությունները Սիրիայում՝ Իրանի կամ իրանամետ խմբավորումների դիրքերի ուղղությամբ»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Իրաքում ևս ակտիվացել են գործողություններն իրանամետ տարբեր խմբավորումների դեմ։ Եմենի հութիների խմբավորման դեմ են իրականացվում գործողություններ, այս դեպքում արդեն՝ Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգների կողմից։
Փորձագետի բնորոշմամբ, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում և որոնք հետևանք են և ուղիղ ածանցյալ ամբողջ աշխարհում տեղի ունեցող խորքային փոփոխությունների, իրենց առանձին շերտով, բնականաբար, ազդում են կամ առանձին շերտով ուղղված են տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացմանը։
«Եթե գլոբալ ուկրաինական պատերազմով խնդիր է դրված Ռուսաստանին դուրս թողնել միջազգային խնդիրների լուծման ձևաչափերից, ապա դրա մի ածանցյալ շերտն էլ Հարավային Կովկասում ուղղված է Իրանի ազդեցության դեմ, որովհետև գործում են Իրանի հակառակորդները, ակնհայտորեն համագործակցությամբ կամ չերևացող փոխգործակցությամբ։ Եթե նկատել եք, վերջին շրջանում, երևի 1-2 ամսվա ընթացքում այդ պրոցեսներն ավելի ինտենսիվացել են, քանի որ Իրանի հակառակորդները շտապում են՝ տեսնելով, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում բավականաչափ մոտ է որևէ ստատուս-քվո, որը կարող է կանգնեցնել հակամարտությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արդյո՞ք Իրանին կհաջողվի այս բարդ փուլում հակահարված հասցնել հակառակորդներին և պահպանել իր դիրքերը տարածաշրջանում, Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ բավականաչափ բարդ խնդիր է Իրանի համար և կարծես թե ներկայում Իրանի մարտավարությունն այս խնդրի լուծման տեսանկյունից այն է՝ տուրք չտալ սադրանքներին և չներքաշվել ավելի լայն ռազմական դիմակայության մեջ, որը կարող է աղետաբեր լինել այդ երկրում իշխող վարչակարգի համար։
«Ինչպես Իրանում են դա հաճախ կրկնում՝ ռազմավարական համբերության մարտավարությունն է, այսինքն՝ չպատասխանել շատ արագ հակաիրանական գործողություններին, ուղիղ չթիրախավորել ավելի ազդեցիկ դերակատարների՝ խոսքն Իսրայել և Միացյալ Նահանգների մասին է, այլ պատասխան գործողություններն իրականացնել պրոքսի խմբավորումների միջոցով։ Ըստ էության, եթե լայն առումով նշեմ, բնականաբար, այս գործողությունների հետևանքով Իրանի ազդեցությունը տարածաշրջանում էականորեն թուլանում է, որը չի բխում Հայաստանի շահերից։ Իրանի հակառակորդները կարծես թե վերջին ճիգերն են գործադրում՝ հնարավորինս թուլացնելու այդ երկրին, հասկանալով, որ Իրանը երբևէ չի ներգրավվելու լուրջ ռազմական գործողությունների մեջ։ Իսկ աշխարհում իրավիճակի կայունացմանը զուգահեռ և դրանից հետո փորձելու է կրկին նախկին գործելաոճով մեծացնել իր ազդեցությունը՝ ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու այն բոլոր խմբավորումներին, որոնք կկարողանան դիմակայել այս բարդ ժամանակահատվածում»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։