Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության նախարարը ներկայացրել է պատերազմից հետո Գազայի կառավարման գործողությունների պլանը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ներկայացրել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ընթացող պատերազմի ավարտից հետո նախատեսվող գործողությունների պլանը: Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը:

Ըստ գործողությունների պլանի՝ Գազայի հատվածի քաղաքացիական կառավարումը պետք է իրականացնեն պաղեստինցիները, իսկ Իսրայելը պետք է պահպանի սահմանների ռազմական վերահսկողությունը և Գազայի ներսում ցանկացած անհրաժեշտ ռազմական գործողություն ու անվտանգության միջոցներ ձեռնարկելու իրավունքը:

«Գազայի բնակիչները պաղեստինցիներ են, ուստի ղեկավարությունը կստանձնեն պաղեստինյան մարմինները՝ պայմանով, որ Իսրայել պետության դեմ ոչ մի թշնամական գործողություն կամ սպառնալիք չի լինի», – Գալանտի խոսքը մեջբերում է պարբերականը:

Մամուլի ասուլիսում Գալանտը նշել է, որ հետպատերազմյան Գազայում Պաղեստինյան ազգային վարչության հնարավոր ներգրավվածության հարցն այս փուլում հրատապ չէ, քանի որ այն չի անցկացրել անհրաժեշտ բարեփոխումներ:

Նեթանյահուն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Պաղեստինյան ազգային վարչությունն իր ներկայիս ձևով, նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ, պատերազմի ավարտից հետո չի կարող ստանձնել Գազայի հատվածում իշխանությունը։

Գալանտի ներկայացրած պլանն Իսրայելի պաշտոնյայի կողմից առաջին նման մանրամասն նախագիծն է հետպատերազմյան Գազայի համար, սակայն այն չի ներկայացնում պաշտոնական քաղաքականությունը, քանի որ, The Times of Israel-ի հաղորդմամբ, կոալիցիայի ներսում սուր տարաձայնություններ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս