
Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 103-ի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, վիրավորների թիվը՝ շուրջ 188-ի։
Այս մասին հաղորդում է վկայակոչելով իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։
Երկրի կառավարությունը հունվարի 4-ին ամբողջ երկրում սուգ է հայտարարել, Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի հիշատակին:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով: