Բաժիններ՝

Տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին․ Հայր Ասողիկ Կարապետյան

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց աշխարհն աստվածային Սբ Երկիրն է:

Միմիայն Հայոց աշխարհում է, որ Միածին Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոս իջավ Իր աստվածային ողջ փառքի լույսով՝ Հայաստանի սրտում կերտելով լուսեղեն Սուրբ Էջմիածինը. միեղենը, հզորն ու հավիտենականը:

Այս աստվածային ճշմարտությունը խորագույնս խոցում, կուրացնում և մոլագարության մեջ է գցում Աստծուն խաչողներին և աշխարհին տիրել նկրտողներին և իրենց վաճառված հոգիներին…

Եվ տեսանելի ու անտեսանելի հարվածներով խոցում են Հայոց աշխարհը, ամեն գնով փորձում են ոչնչացնել Եկեղեցին Հայկական՝ Քրիստոս Աստծո հավատարիմ, ուղղադավան և նպատակասլաց տապանը:

Եվ, սակայն, պայքարում է, ապրում է և միշտ հաղթում է Եկեղեցին Հայկական՝ պահպանելով ազգային Սբ Ավանդը և բացելով օրհնյալ գալիքը հայոց աստվածակիր ազգի:

Հայ մարդ, դու՝ ի Հայաստան և ի Սփյուռս, մնա հավատարիմ քո հարազատ Մայր Եկեղեցուն, եղիր նվիրյալ և նախանձախնդիր զավակը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և շենացնողը Մայր Հայրենիքի:

Մեր սիրառատ միասնությամբ և գաղափարական հզոր ուժով պետք է խորտակենք մեր Ազգի և Հայաստանի երևելի և աներևույթ թշնամուն ու իր կամակատարներին:

Քրիստոս Փրկչի Սբ Ծննդյան լույսով լուսավորված և սիրով այլակերպված՝ ապրենք Հայկաբար և տեր լինենք մերազնյա Սբ Ավանդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս