Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի որոշումը, որով իրեն արգելվել է առաջադրվել ներկուսակցական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բողոքարկել է Մենի նահանգի պետքարտուղար, դեմոկրատ Շեննա Բելոուզի որոշումը, որով իրեն արգելվել է մասնակցել Հանրապետական կուսակցության նահանգային փրայմերիզներին (ներկուսակցական ընտրություններին): Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Որոշումն ընդունելու պատճառ են հանդիսացել 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ Թրամփի դերի վերաբերյալ մեղադրանքները։ Բելոուզը նման որոշում ընդունելու համար որպես հիմք օգտագործել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման 3-րդ մասը, որտեղ ասվում է, որ «խռովության մեջ ներգրավվածներին» արգելվում է պետական պաշտոն զբաղեցնել:
Ակնկալվում է, որ Թրամփը կբողոքարկի նաև Կոլորադոյի նահանգի Գերագույն դատարանի նմանատիպ որոշումը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին Կոլորադոյի գերագույն դատարանն աննախադեպ որոշում է կայացրել, համաձայն որի՝ Կոլորադո նահանգում Թրամփը չի կարող մասնակցել Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրություններին․ դրանք պետք է տեղի ունենան մարտի սկզբին, և արդյունքում կուսակցությունը պետք է առաջադրի նախագահական ընտրությունների իր թեկնածուին։
2021 թ․ հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ կանխելու 2020 թվականի նոյեմբերի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը։ Անկարգությունների ընթացքում 5 մարդ էր զոհվել։