Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Ճապոնիայի կենտրոնական հատվածում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակներում գտնվողներին դուրս բերելու համար։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալության հրապարակումը։
7,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Նոտոյի թերակղզում և դրա մերձակա շրջաններում, տեղի ժամանակով ժամը 16:10-ին՝ լայնածավալ ավերածությունների և հրդեհների պատճառ դառնալով։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են տասնյակ հետցնցումներ։
Երկրաշարժից ամենաշատը տուժել է Վաձիմա քաղաքը, որտեղ նաև 7-հարկանի շենք է փլուզվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 200 շենքերում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են վերցվել։
Ճապոնական ծովում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումները հունվարի 2-ին արդեն չեղարկվել են:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է երկրի ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1000 անդամ։
ԱՄՆ-ն, Կանադան և Իտալիան աջակցություն են առաջարկել Ճապոնիային։