
Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը․ Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ուղերձ է հղել տոների առթիվ․
«Անցնող տարին ծանր էր ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Ցավոք, այն ընթացավ ողբերգական զարգացումներով. Արցախի շրջափակում, մեր հայրենակիցների առևանգումներ ու գերեվարումներ, հայ ժողովրդի անբաժան մասը` Արցախի բնիկ ժողովուրդը, ենթարկվեց ցեղասպանության, իսկ Արցախն օկուպացվեց: Անվտանգության լրջագույն սպառնալիքների առաջ է Հայաստանը, վտանգված են մեր արժեքներն ու ինքնությունը:
Մենք ընկրկելու իրավունք չունենք: Պետք է հավատանք ինքներս մեզ, մեր հավաքական ուժին ու աչքի լույսի պես պահենք մեր պետականությունը: Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։
Չպետք է թույլ տանք, որ հուսահատությունը և ցավը մեզ թուլացնի՝ հանուն մեր հերոսների հիշատակի, մեր երեխաների նվիրական ապագայի ու Հայրենիքի ուժեղացման:
Թո´ղ 2024-ը լինի հոգու սփոփանքի, ուժի վերածնվելու ու պաշտպանված խաղաղության տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: