
Եվս մեկ տարի Վանաձորն ընթացավ ճակատագրի անորոշ ուղով. Մամիկոն Ասլանյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՔԿՀ-ից ուղերձ է հղել․
«Սիրելի՛ վանաձորցիներ, սիրելի հայրենակիցներ,
Շուտով կճանապարհենք 2023 թվականը։ Այն, ցավոք, կրկին կորուստներ բերեց: Կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը՝ Արցախ աշխարհը, ունեցանք մարդկային անդառնալի կորուստներ և հայրենազրկված բազմաթիվ հայորդիներ, ևս մեկ տարի Վանաձորն ընթացավ ճակատագրի անորոշ ուղով, որն ուղեկցվում է ՏԻՄ ինստիտուտի ոտնահարման և աղավաղման հետևողական գործընթացով:
Անկախ առկա իրավիճակից, համընդհանուր հիասթափությունից և ընկճվածությունից՝ ես հավատում եմ հայ ժողովրդի հարատևությանը, նրա ինքնավերականգնվող և հառնող ուժին: Ուզում եմ, որ հաղթահարենք անկարելին և անհնարին թվացողը, ուժ գտնենք և ոտքի կանգնենք, ամրանանք հավատով, իմաստությամբ և բազկով, լինենք միասնական և պայքարող, և ծնկի կգան թշնամիներն ու պարտությունները, կբացվեն հաղթանակի դռները:
Միայն ամուր կառչենք արմատներին, վերագտնենք մեզ, որպեսզի դառնանք անխոցելի և անպարտելի, որովհետև հայի ոգին անպարտ է: Ուզում եմ, որ հայը հային շատ սիրի, որ մեր քչացող տեսակը նոր ճյուղեր տա, և հայոց կենարար այգին կանաչի:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, 2024 թվականին խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին, առողջություն և բարեկեցություն բոլորիս օջախներին: Թող հոգսերն ու դժվարությունները մնան անցյալում։ Թող գալիք տարին նոր հաջողությունների և նվաճումների տարի լինի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- գրել է Ասլանյանը: