Փաշինյանին կասեմ՝ հայրենիքի գող ես դու. այլ բառ չունեմ այդ մարդուն ասելու. Դավիթ Գալստյան

ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ու նրա կուսակիցներն Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում հիմնել են «Արդարություն և Վերադարձ» հասարակական կազմակերպությունը՝ օրակարգում ունենալով՝ ինչպես Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, այնպես էլ՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս հասարակական կազմակերպության հիմնադիր և Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, խոսելով նորաստեղծ ՀԿ-ի օրակարգային հարցերի մասին, նշեց՝ Արցախի հայերի՝ Արցախ վերադառնալու օրակարգային հարցի հետ կապված խոչընդոտներ են ստեղծում և ապագայում էլ կստեղծեն Հայաստանի գործող իշխանությունները։

«Ուստի, մեր նպատակն այն է, որ հասարակության հետ աշխատանք տանենք։ Մենք տեր ենք մեր իրավունքներին։ Ցանկացած մեկը, որը կփորձի փակել Արցախի էջը, պատմության մեջ կմնա՝ որպես դավաճան»,- ասաց Գալստյանը՝ նորաստեղծ կազմակերպության հաջորդ օրակարգային հարց համարելով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների՝ արտագաղթն այլ երկրներ կանխելու հարցը։

Կարդացեք նաև

«Մեր տեղեկություններով՝ մոտ 20 հազար մարդ արդեն արտագաղթել է»,- ասաց նա։

Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը բանակցություններ չի վարում ոչ միջազգային կառույցների, ոչ Ադրբեջանի իշխանության հետ, որպեսզի բռնի տեղահանված հայերն իրենց ծննդավայրում և հայրենիքում ապրելու իրավունք ունենան, ուստի, քանի որ Փաշինյանը չի ցանկանում դա անել, այո՛, Արցախի իշխանությունն է պարտավոր այդ բեռը վերցնել իր վրա՝ հարցը պահելով բանակցային սեղանին։

«Ուղղակի, երկկողմանի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, ուստի այստեղ մեծ խնդիր է միջնորդի հարցը։ Իմ գնահատմամբ՝ միջնորդ կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Այդ կառույցը պետք է վերակենդանացնել»,- ասաց Գալստյանը։

Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո իր տնից ու հայրենիքից զրկված արցախցի պատգամավորին հարցրեցինք նաև՝ առաջին անգամ է նման զգացողություններով Ամանոր նշելու, եթե պատահաբար հանդիպի իրեն տնից ու հայրենիքից զրկած Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասի. Գալստյանն արձագանքեց.

«Կասեմ՝ հայրենիքի գող. Կյանքիս մեջ առաջին Նոր տարին է, որ իմ ծննդավայրում չեմ նշում, և այսօր իմ ծննդավայրն են գողացել ինձանից, այլ բան այդ մարդուն չեմ կարող ասել»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս