
ՆԱՏՕ-ն կպահպանի զգոնությունը Լեհաստանում հրթիռի հետ կապված միջադեպից հետո․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ուշադիր հետևում է Ուկրաինայի սահմանից Լեհաստանի տարածքը հատած անհայտ օբյեկտի հետ կապված իրավիճակին և պահպանում է զգոնությունը: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Նախագահ Անջեյ Դուդայի հետ խոսել եմ Լեհաստանում այսօր հրթիռային միջադեպի մասին: ՆԱՏՕ-ն լիովին համերաշխ է դաշինքի մեր արժեքավոր անդամ Լեհաստանի հետ, վերահսկում է իրավիճակը։ Մենք կապի մեջ կլինենք, քանի դեռ բոլոր փաստերը կհաստատվեն։ ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ»,- գրել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ, Լեհաստանի զինված ուժերն հայտնել էին, որ չճանաչված օդային օբյեկտ է մտել երկրի օդային տարածք: Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ օբյեկտը հատել էր Ուկրաինայի սահմանից, այնուհետև անհետացել ռադարներից: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան հայտարարել է, որ ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։