Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է ՌԴ-ին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Միրզոյան
Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս պետք է ձևակերպումներին ուշադիր լինել և չառաջնորդվել պարզունակ գնահատումներով: Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Այլ բան է, որ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնումներ եղել են։ Եթե ասեք, օրինակ, ռուսական պետական հեռուտաալիքներով քննադատվում են Հայատանի իշխանությունները, հայկական եթերով քննադատվում է Ռուսաստանի այսինչ քաղաքականությունը, ես գուցե համաձայնեմ կամ բանավիճեմ, բայց պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ նիստին այն դեպքում, երբ վերջին շրջանում մերժվում էին ռուսական հրավերով միջոցառումները՝ Միրզոյանն ասաց.
«Չեմ կարծում, որ դուք լսած լինեք, թե ԵԱՏՄ-ի մասում մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ, ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում։ Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»։