Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում

Սեպտեմբերին Արցախի բռնի հայաթափումից հետո առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ԱՊՀ հավաքի շրջանակում։

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանում ոչ պաշտոնական շփումներ են տեղի ունեցել Փաշինյանի ու Ալիևի միջև։ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հաղորդել է, որ տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ։

«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել էր Բաղդասարյանը։ Փաշինյան-Ալիև շփումներից որոշ կադրեր էին հրապարակել ԶԼՄ-ները, ինչպես նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպման դահլիճը լքում են միասին։

Կարդացեք նաև

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս միջոցառումների շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Բաքուն և Երևանը գնում են խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ։

«Մենք, իսկապես, հայտարարում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա, որքան հնարավոր է, շուտ, իհարկե, ոչ որակի հաշվին։ Ուստի մենք բոլորի հետ սպասում ենք այս գործի ավարտին։ Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Եվ, իհարկե, մենք սատարում ենք դրան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումն օգտակար կլինի՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ՝ ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության համար։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գոհունակությամբ արձանագրեց հանդիպման փաստը հենց Ռուսաստանի Դաշնությունում։

Ըստ նրա, շփումն ամենայն հավանականությամբ կայացավ, քանի որ Ադրբեջանի նախագահը համաձայնեց շփվել այն բանի շնորհիվ, որ սա չէր կազմակերպվել Արևմուտքի կողմից։

Տարասովը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը վերջին ամիսներին հանդիպման մի շարք առաջարկներ է մերժել թե ղեկավարների, թե ԱԳ նախարարների մակարդակով։

«Կարծում եմ՝ տեղի ունեցածը գերագնահատելու կարիք չկա։ Այն պետք է արձանագրել որպես շփում՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում Խաղաղության համաձայնագիր կնքել Արևմուտքում։ Պետք է արձանագրել նաև, որ սա շփում էր զուտ երկկողմ ձևաչափով, ինչը ևս կարևոր է՝ հասկանալու համար, որ Ռուսաստանը ոչինչ չի պարտադրում, թեև պատրաստ է նպաստել գործընթացին։ Պարզ է նաև, որ այս կարճատև շփման ընթացքում լուրջ հարցեր խորությամբ չեն կարող քննարկվել, իսկ այդ հարցերն առկա են դեռ։ Սա հնարավորություն էր նրանց համար՝ մթնոլորտ ստեղծել հետագա ավելի պաշտոնական շփումների համար, ինչպես նաև քննարկել հանդիպումների կոնկրետ վայրը, բանակցություններն ավարտին հասցնելու ժամկետները։

Տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի ճնշումներ է բանեցնում Ադրբեջանում Ֆրանսիայի դիվանագետների նկատմամբ։ Սա, կարծում եմ՝ որոշակի առումով ցուցադրական օպերացիա է, որի նպատակն է՝ ցույց տալ մյուս երկրներին, թե միակողմանի միջնորդությունն ինչ գին կարող է ունենալ։ Սա ուղղված է նաև ԱՄՆ-ին ու ԵՄ-ին, թեև նրանք բացահայտ միակողմանի քաղաքականություն չեն վարել»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նա նշեց նաև, որ Հարավային Կովկասում և դրա շուրջ բոլոր երկրները, բացառությամբ Հայաստանի ու Վրաստանի, կոնսենսուս ունեն այն հարցի շուրջ, որ Արևմուտքը չպետք է մասնակցի բանակցություններին, և համաձայնագիրը Արևմուտքում չպետք է կնքվի։

«Կոնսենսուս կա Մոսկվայի, Թեհրանի, Բաքվի, Անկարայի միջև, սակայն սա բանակցելու գործին ներկայումս լծվել է Թեհրանը, որն ամենահարմար բանակցողն է այս պահին ՀՀ իշխանությունների հետ առնչվելու համար, քանի որ Թեհրանի կարևորությունը չափազանց մեծ է Հայաստանի համար այս փուլում, չնայած Միացյալ Նահանգներն ամեն կերպ կցանկանար, որ դա այդպես չլիներ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս