Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրութը, իսկ 21-23 թվականների ընթացքում` փուլերով, իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը:

Սրան զուգահեռ, նույն 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացնում:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ Արցախի նախագահի հայտնի հրամանագրի չեղարկումը կարող է ադրբեջանական ագրեսիայի հանգեցնել:

Ադրբեջանը վերջին 3 տարիների ընթացքում ինչ ուզել, ինչպես ուզել է ՀՀ իշխանության հետ վարվել է` պատերազմ սանձազերծել, պայմանավորվածություն խախտել, ստել, «ֆռցրել», դարձրել «տրյապկա»:

Միայն ամենաանտեղյակներին կամ դդումներին կարող է թվալ, որ եթե Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանից կրկին ինչ-որ բան խլել, առիթ չի գտնի:

Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում:

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը»:

Տեսանյութեր

Լրահոս