Այս խայտառակ պատմության մեջ բոլորն իրար արժանի են. Կարեն Հեքիմյան
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամանորյա խայտառակ պատմություն:
Ուրեմն, Ամանորի նախօրեին անհամաչափ ակտիվացել է ՊԵԿ-ը: Վերջինիս աշխատակիցներին հանձնարարվել է ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգում իրականացնել և, ըստ այդմ, հսկիչ գնումներ կատարել առևտրի կենտրոնների տնտեսվարողներից: Դե, ՊԵԿ-ի տեսուչներն էլ դռնեդուռ ընկած հսկիչ գնումներ են կատարում:
Հակառակ ՊԵԿ-ի ղեկավարության ցանկության, առևտրի կենտրոններում յուրաքանչյուր գնման դիմաց ՀԴՄ կտրոն է տրամադրվում: Այս իրավիճակում ՊԵԿ-ի աշխատակիցներին այլ բան չի մնում, քան հետ վերադարձնել հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքը: Այդ գործընթացը լրացուցիչ դժվարությություններ է պատճառում տնտեսվարողներին: Խնդիրն այն է, որ վերջիններս հիմնականում չեն կարողանում ստանալ հետ վերադարձված ապրանքի համար վճարված հարկի գումարը: Արդյունքում, տնտեսվարողները ՊԵԿ-ի տեսուչներին հետ են վերադարձնում «հսկիչ գնման» արդյունքում ձեռք բերված ապրանքի լրիվ գումարը, սակայն հիմնականում չեն կարողանում ստանալ այդ գործարքից վճարված շուրջ 3% հարկի գումարը:
Օրինակ` ՊԵԿ-ի տեսուչը գնում է 300 000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք: Տնտեսվարողն այդ գործարքից 3%` 9000 ՀՀ դրամ, հարկ է վճարում: ՊԵԿ-ի տեսուչն ապրանքը հետ է վերադարձնում:
Տնտեսվարողն, իր հերթին, վերջինիս հետ է վերադարձնում 300 000 ՀՀ դրամ: Շատերը 9000 ՀՀ դրամի հետևից չեն ընկնում: Սա է ՊԵԿ-ի նորամուծությունը:
Անշուշտ սա խայտառակ պատմություն է: Իսկ պարադոքսն այն է, որ այս պատմության, առանց բացառության, բոլոր հերոսները խայտառակ կերպարներ են` ՊԵԿ-ը, տեսուչները, տնտեսվարողները:
Կհարցնեք` ինչու՞ տնտեսվարողները:
Կպատասխանեմ` որովհետև առևտրի կենտրոնների տասնյակ տնտեսվարողներից եմ լսել այս պատմությունը, սակայն վերջիններից գեթ մեկը չցանկացավ ընդվզել, բողոքել, գոնե` անունը բացահայտել:
Բոլորն, առանց բացառության, նախընտրում են լռել, անանուն բողոքել, սուսուփուս վճարել:
Եվ, ուրեմն, ամեն ինչ ճիշտ է: Այս խայտառակ պատմության մեջ բոլորն իրար արժանի են: Ինչ անում են, լավ են անում»: