Մոսկվայի նոր ռազմավարությունը Երևանի նկատմամբ․ ինչի՞ են նախապատրաստվում Ռուսաստանում

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը մի շարք բավականին ուշագրավ նորություններ էր պարունակում։

Չնայած ՀՀ իշխանությունները դժգոհում են ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից, այդ թվում՝ սպառազինությունների գնման ոլորտում, դեսպան Կոպիրկինը պնդում է՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։ Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում շարունակվում է։

«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկարատև ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ի «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի վրա։ Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կամ արդեն կատարվել են ժամանակին և բարձր որակով, կամ իրականացման վերջնական փուլում են։ Քննարկվում են նաև մեր երկրների միջև նոր համաձայնագրեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:

Որոշ ​​առանձին պայմանագրերի վերաբերյալ իսկապես կան հարցեր՝ կապված ռուսաստանյան ձեռնարկությունների՝ պետական պաշտպանական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- նշել էր Կոպիրկինը։

Հայաստանում ՌԴ դեսպանը նաև գնահատել էր Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորությունը։

«Այս հարցի շուրջ մենք առաջին հերթին կենտրոնանում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների վրա, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել էր դեսպանը։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին էլ հայտարարել էր, թե քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։

Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանի տված տեղեկությունից զարմանալ պետք չէ, քանի որ, չնայած Երևանի հռետորաբանությանը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ աշխատել, պարզապես այդ բացասական ֆոնին երկկողմ ռեալ աշխատանքները չեն երևում, երևի թե նաև չեն ներկայացվում։ Ըստ նրա, սպասելի էր նաև այն, որ եթե Երևանն ինչ-ինչ հարցերում ունի դժգոհություն, դա պետք է վերանայվի, ու դրական է, որ դա ներկայացնում է դեսպանը։

«Այդ վերանայումը ցույց է տալիս նաև այն, որ թեև Ռուսաստանն ունի Ուկրաինայում լուրջ խնդիր, այնտեղ Ռուսաստանին սպառազինություն է հարկավոր, հատուկ օպերացիայի պայմաններում ՌԴ ՊՆ-ն աշխատում է լիովին այլ ծանրաբեռնվածությամբ ու ռեժիմով, սակայն Երևանի դժգոհություններին, կարիքներին փորձում են լուծումներ տալ, քննարկել, ելքեր գտնել։ Սա դրական մոտեցում է Ռուսաստանի կողմից»,- ասաց Եվսեևը։

Նրա կարծիքով, սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։

«Ռուսաստանի նահանջը Հարավային Կովկասից յուրաքանչյուր ոլորտում հանգեցնելու է Արևմուտքի ամրապնդման։ Այդ նահանջը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ։ Ուստի տեսնում ենք, որ ՀՀ անվտանգային կարիքները բավարարելու պատճառաբանությամբ Ֆրանսիան է սպառազինություն մատակարարում, թեև դա անվտանգային լուրջ հարց չի լուծելու, բայց այն ունենալու է նաև քաղաքական նշանակություն, քանի որ եվրոպական առաջատար երկիր՝ Ֆրանսիան, սկսում է Ռուսաստանի դաշնակից Հայաստանին սպառազինություն մատակարարել, սա խոսում է Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխության մասին։

Եթե այնպես ստացվի, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը, գուցե երկկողմ պայմանագրերով Ռուսաստանը պահպանի իր առանցքային դերը ՀՀ անվտանգային գործընկերների շարքում։ Եթե այդ դերը զիջվի, ապա կարելի է վերջնականապես խոսել այդ ռեգիոնում լուրջ փոփոխության մասին ՌԴ ազդեցության տեսանկյունից։ Թեև պետք է խոստովանել՝ այն սկսել է կրել փոփոխություններ»,- ասաց վերլուծաբանը։

Փորձագետն այն կարծիքին է, որ նոր համաձայնագրեր քննարկելով՝ ՌԴ-ն փորձում է չեզոքացնել որոշ մարտահրավերներ, որոնք կարող են իր համար առաջանալ ապագայում, եթե Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը արևմտյան գործընկերների հորդորի հետևանքով։

«Եթե չլինի ՀԱՊԿ-ը, նման պայմանագրերը կլինեն կարևոր և առանցքային։ Այս գլոբալ վերափոխումների փուլում, կարծում եմ՝ Ռուսաստանը հասկանում է, որ ՀԱՊԿ-ը գուցեև դժվարությամբ հաջողվի ապագայում պահպանել՝ որպես կառույց։ Ուստի երկկողմ մակարդակն է պետք ամրապնդել սեփական դիրքերը ՀՀ-ում չկորցնելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունները, բնականաբար, սրանից չեն խոսի, այլ կխոսեն, թե ինչում է ՌԴ-ն թերացել, փորձելով հասարակության շրջանում արհեստական դիսկուրս ծավալել։ Ինչպես տեսնում ենք, ՌԴ ԱԳՆ-ն ևս Երևանի լարված հայտարարություններին չի պատասխանում, փորձում է այլ լուծումներ գտնել իրավիճակին։ Բայց դեռ չգիտենք՝ արդյո՞ք Մոսկվայի այս նոր ռազմավարությունը կհաջողի»,- նկատեց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս