568 միլիոն դրամի նավակներ, տնակներ գնելու փոխարեն՝ իրենց պարգևավճար են բաժանել

Ընդամենը մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում մասնակցում էր Ջրային պարեկային ծառայության գործարկման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով ծառայության գործարկումը, Փաշինյանն իր ելույթում նախ մեծ հույսեր կապեց ջրային պարեկների գործունեության հետ, ապա շնորհակալություն հայտնեց Հայաստանի միջազգային գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ Պարեկային ծառայության ձևավորման առաջին օրվանից Հայաստանին աջակցելու համար։

Ու թեև ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հայաստանին աջակցել են, այն է՝ ֆինանսավորել են այս ծառայությունն ունենալու համար, Հայաստանի Կառավարությունը, սակայն, որոշել է այդ նպատակով տրված գումարը ծախսել բոլորովին այլ բանի համար։

Եվ այսպես, ՆԳ նախարարության ծառայողներին պարգևատրելու նպատակով Կառավարությունը որոշել է 568 միլիոն դրամ գումար հատկացնել, որն ի սկզբանե հատկացված է եղել ջրային պարեկներին մոտորանավակներով, սպառազինությամբ և մոդուլային տնակներով ապահովելու համար։

Կարդացեք նաև

Մասնավորապես, 30 միլիոն դրամով կրճատել են մոդուլային և շարժական շենքերի գնման համար նախատեսված միջոցներից։

370 միլիոն դրամով՝ ծովային պարեկային նավակների գնման համար նախատեսված միջոցներից։

168 միլիոն դրամով՝ մեքենաների և սարքավորումներ գնելու համար նախատեսված միջոցներից. (բացատրությունը գաղտնի մասով)։

Ընդամենը նվազեցվող գումարը կազմել է 568.7 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է ՆԳՆ պարգևատրման ֆոնդ։

Ուշագրավ է, որ մոտորանավակների, մոդուլային տնակների և պարեկների սպառազինությունների ձեռքբերման անհրաժեշտությունը չի վերացել, դրանք պետք է գնվեն, և Կառավարությունն այդ նպատակով 568 միլիոն դրամ պարտավոր է նախատեսել արդեն 2024 թվականին։

Ստացվում է՝ Ներքին գործերի նախարարությունում ծառայությունների որակը բարձրացնում են՝ ոչ թե դրանք տեխնիկապես զինելով, այլ՝ պարգևատրումներ բաժանելով։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության պարգևատրման ֆոնդը 2024 թվականի բյուջեով կազմում է 674 միլիոն 494 հազար դրամ. համեմատության համար նշենք՝ 2021 թվականին պարգևատրման ֆոնդը կազմում էր 500 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս