Ձկնաբուծարաններ փակելը մեկ մարդու որոշում է, չի կարողանում, թող չկառավարի. Ձկնաբույծը՝ Փաշինյանին
Այսօր առավոտյան մի խումբ ձկնաբույծներ բողոքի երթով հասել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ձկնաբույծների գնահատմամբ՝ Կառավարությունը խոչընդոտում է իրենց աշխատել, ձուկ արտադրել ու արտահանել, պատճառաբանելով, թե շատ են օգտագործում ՀՀ ջրային ռեսուրսները։
Ձկնաբույծների խոսքով՝ Կառավարությունը, իրենց գործունեությունը խոչընդոտելու փոխարեն, լավ կանի՝ կառավարի ՀՀ ջրային կորուստները, որի արդյունքում ջրի խնդիր չի լինի։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում իրենց ներկայացրած հիմնավորումներն ավելի մատչելի դարձնելու համար կոնկրետ օրինակով ներկայացրեց, եթե Հանրապետության հրապարակի շատրվաններից երեքը փակեն, մյուսների ջուրն ավելանալու է։
«Սա լոգիկա է, որ փոքր երեխան էլ գիտի, հիմա, եթե մենք բուծարանների 100 տոկոսը փակենք, հորերից ջուրը չի հոսելո՞ւ։ Մաթեմատիկայում կա խնդիր և կա դրա լուծումը, մեր ձկնաբուծարաններում ջուրը եթե փակենք, ընդամենը Թուրքիա հոսող ջուրն է ուժեղանալու, այլ էֆեկտ մենք չենք ունենալու։ Նպատակն այստեղ ջուր փակելը չէ, այլ ձկնաբուծարանները վերացնելն է»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ձկան արտահանմանը, ձկնաբույծն ասաց, որ այդ շուկան Հայաստանում կայուն չէ՝ «խախուտ» է, քանի որ, երբ թեթև ձյուն է գալիս ու Վերին Լարսը փակվում է, Հայաստանում ոլորտը պարալիզացվում է։
«Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում գյուղացին 30 դրամով համեմ էր վաճառում, որովհետև ռուսը որոշել էր, որ Լարսով ինչ-որ բան պետք է գնա, կամ չգնա։
Մեզ փակելն ընդամենը մեկ մարդու ցանկությունն ու որոշումն է, չես կարողանում՝ մի կառավարի։ Ես էլ սա եմ իրենց ասում, մասնագետ է պետք, «ճղվեցինք» ասելով։ Հիմա, եթե մեր «մեծ եղբայր» թուրքը մի ծակ անի, ու ջուրն այստեղից գնա այնտեղ, այստեղ նստած լավ տղերքից ո՞վ է նրանց ձեռքը բռնելու»,- խոսքն ուղղելով Կառավարության շենքում նստածներին և Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծեց բողոքի ակցիային մասնակցող ձկնաբույծը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում