Բաժիններ՝

Հայաստան եկած ամերիկացուն 2 տարի թույլ չեն տալիս լքել երկիրը

2017 թվականին ամերիկացի Էրիկ Թոմաս Քրիմերը, որն ապրում և աշխատում էր Ռուսաստանում, մեղադրվել էր թմրանյութեր պահելու մեջ։ Ոստիկանները նրան բերման են ենթարկել, երբ նա տանից դուրս է եկել ծխախոտ գնելու, և միայն մեկ օր անց են բաց թողել՝ առանց որևէ կարգավիճակի։ Այնուհետև Քրիմերը լքել է երկիրը: 2021 թվականին նա եկել էր Հայաստան՝ հանդիպելու Ռուսաստանից իր ընկերուհուն, սակայն արդեն սահմանին նրան զգուշացրել են, որ չի կարող հետ գնալ։ Սահմանափակումները, ինչպես պարզվեց, պայմանավորված էին նրանով, որ Քրիմերը հեռակա ձերբակալվել էր Ռուսաստանում և հայտարարվել միջպետական ​​հետախուզման մեջ։ Ընդ որում, Հայաստանը չի արտահանձնում Քրիմերին (հայտնի չէ, արդյո՞ք, Ռուսաստանը դիմել է այդ հարցով), իսկ թե ինչ անել նրա հետ, Հայաստանի ոստիկանությունը չի հասկանում։ Ամերիկացու պատմությունը, որը երկու տարի չի կարողանում լքել Հայաստանը, պատմել է Mediazona-ն։

Էրիկ Թոմաս Քրիմերն առաջին անգամ Ռուսաստան է եկել 2005 թվականին 18 տարեկանում՝ ուսանողների փոխանակման ծրագրով։ Նա Իրկուտսկի պետական ​​տեխնիկական համալսարանում ավարտել է մեկուկես կուրս՝ միաժամանակ աշխատելով անգլերենի կրկնուսույց։ Մի քանի տարի անց, ստանալով լեզվաբանի կոչում ԱՄՆ-ում, Քրիմերը պաշտոնապես աշխատանքի անցավ Ռուսաստանում՝ նախ օտարալեզու դպրոցների ցանցում, իսկ 2015 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնում։ (MIPT):

Քրիմերը թարգմանում էր ֆիզիկայի, քիմիայի և ճարտարագիտության վերաբերյալ գիտական ​​հոդվածներ և շնորհանդեսներ, որոնց բովանդակությունը, ըստ նրա, չի էլ հասկացել։ Բայց մի անգամ, ըստ Քրիմերի, լեզվի կենտրոնի տնօրենն իրեն «ակնարկել է», որ նա չպետք է տեսներ արբանյակների մասին ուսանողական շնորհանդեսը։

Աշխատանքի հետ մեկտեղ, որի մասին Քրիմերը խոսում է պարզապես որպես գումար վաստակելու միջոց, նա օգնել է ռուս գիտնականներին հեռանալ երկրից։ Քրիմերը չի հստակեցրել, թե որն է եղել այդ օգնությունը:

2017 թվականի ապրիլի լույս 12-ի գիշերը Քրիմերին, որը դուրս էր եկել ծխախոտ գնելու, ոստիկանները կանգնեցրել էին Մոսկվայի փողոցում և փաստաթղթեր պահանջելուց հետո հրելով նստեցրել են մեքենա։ Նրան բերման են ենթարկել մի սենյակ, որը նա անվանում է ձեղնահարկ, և մեղադրել են թմրանյութ պահելու մեջ՝ ցույց տալով, թե, իբր, իր մոտ գտել են «փայլաթիթեղով փաթաթված երկու փաթեթ»։ Ըստ Քրիմերի, ոստիկանները գոռգոռացել են իր վրա, մի անգամ ատրճանակ պահել գլխին և 500 հազար ռուբլի պահանջել՝ բաց թողնելու համար։ Քրիմերը պնդում է, որ իր մոտ թմրանյութ չի եղել։

Առավոտյան Քրիմերին տարել են ոստիկանական բաժանմունք, այնուհետև մեկ այլ տեղ (կարծում է, որ դա Լեֆորտովոյի քննչական մեկուսարանն էր), այնտեղից էլ հաջորդ առավոտյան նրան վերադարձրել են բաժին և վերջապես երեկոյան բաց թողել՝ առանց որևէ ընթացակարգային փաստաթուղթ տալու: Երկու շաբաթ անց Քրիմերը ծանոթ փաստաբանի խորհրդով լքել է Ռուսաստանը և վերադարձել տուն՝ Օհայո:

Ռուսաստանում մնացել էին նրա նախկին կինը՝ որդու հետ և նոր ընկերուհին՝ նույնպես ռուսաստանցի: Շուտով նրա նախկին կինը տեղափոխվեց ԱՄՆ, բայց ընկերուհուն միայն երբեմն էր տեսնում, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։ 2021 թվականի սեպտեմբերին նրանք որոշեցին հանդիպել Վրաստանում, այնտեղից էլ մեկնել Հայաստան։ Անմիջապես անցակետում սահմանապահները, վերցնելով Քրիմերի անձնագիրը և առանց որևէ բան բացատրելո,ւ նրան տարել Երևանի ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ նրան սկսել են համոզել նրան հայերեն ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ինչպես հիշում է Քրիմերը, բաժանմունքի մարդիկ նրան ասել են, որ դա համաձայնություն է իրեն Ռուսաստան տեղափոխելու համար։ Նա մերժել է, և նրան հետ են տարել անցակետ, այնտեղ զգուշացրել են, որ այժմ չի կարողանա հեռանալ Հայաստանից, քանի որ Ռուսաստանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Քրիմերն ընկերուհու հետ մեկնել են Երևան։ Այնտեղ ամերիկացին դիմել է ԱՄՆ դեսպանատուն, սակայն նրանք պատասխանել են, որ օգնել չեն կարող։ Քրիմերը կարծում է, որ խնդիրը հրապարակայնության բացակայությունն է. ոչ ոք չի գրում իր մասին, քանի որ ինքը «Բրիթնի Գրայները չէ, WSJ-ի լրագրող չէ»: «Ես կապ հաստատեցի Թրևոր Ռիդի հետ, նա երեք տարի նստած էր եղել Մոսկվայի բանտում, նա ինձ ասաց, որ պետքարտուղարությունը երեք տարի ուշադրություն չի դարձրել իրեն, իր զանգերին, և միայն այն ժամանակ, երբ նրա ծնողները կարողացել են անձամբ հանդիպել Բայդենի հետ, 20 օր հետո նրան ազատ են արձակել»,- ասում է Քրիմերը:

Մեկ ամիս անց Քրիմերը փորձել է Երևանից թռչել Միացյալ Նահանգներ, սակայն օդանավակայանում հայ փաստաբանը, որն օգնել էր նրան անցակետում բերման ենթարկվելուց հետո, խոսել է տեղի ոստիկանության հետ և ասել, որ Քրիմերը «ոչ մի տեղ չի թռչում»։ Նույն օրը Ռուսաստանում Քրիմերին հեռակա մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու համար, իսկ երեք շաբաթ անց նա հայտարարվել է միջպետական ​​հետախուզման մեջ։

Նոյեմբերի կեսերին դատարանը հեռակա կալանավորել էր Քրիմերին, այնուհետև այս որոշումը չեղարկվել է, բայց ՆԳՆ-ն կրկին փորձեց հասնել կալանքի, և վերջապես 2022 թվականի հոկտեմբերին դատարանը կրկին հեռակա կալանավորել է Քրիմերին։ Միևնույն ժամանակ, պետական ​​ՏԱՍՍ գործակալությունը գործի նյութերին հղումով լուր է հրապարակել, որտեղ ասվում է, որ Քրիմերն ընդունել է մեղքը 2017 թվականին իր ձերբակալության ժամանակ և գրավոր պարտավորություն է ստացել չհեռանալ երկրից, սակայն ավելի ուշ նա «թաքնվել է քննությունից»։ Բացի այդ, ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, Քրիմերի տունը խուզարկվել է։ Թե՛ նա, թե՛ նրա ընկերուհին հերքում են դա, ընդ որում՝ ՏԱՍՍ-ի լուրերում, ըստ նրանց, սխալ հասցե է նշված։

Հայաստանում, ըստ Քրիմերի փաստաբանի, իր պաշտպանյալը դատավարական որևէ կարգավիճակ չունի։ Նա պատասխան է ստացել Հայաստանի ՆԳՆ-ից, ըստ որի Քրիմերի՝ երկրից մեկնելու սահմանափակումները կապված են նրա հետախուզման հետ, սակայն նա կարող է ազատ տեղաշարժվել Հայաստանում։ Ըստ փաստաբանի, այժմ նա փորձում է պարզել՝ արդյոք Քրիմերին սպառնում է արտահանձնում Ռուսաստանին։ Նա ենթադրում է, որ տեղի ոստիկանությունը պարզապես չգիտի, թե ինչ անել ամերիկացու հետ։ Ռուսաստանցի փաստաբանը, որը խնդրել է անանուն մնալ, Mediazona-ին ասել է, որ հետախուզման մասին ծանուցումը սովորաբար ուղեկցվում է արտահանձնման խնդրանքով: Արդյո՞ք, դա արվել է Քրիմերի դեպքում, հայտնի չէ:

Ինքը՝ Քրիմերը, դեռ աշխատում է հեռավար կարգով և շատ է ցանկանում վերադառնալ տուն՝ ԱՄՆ, որտեղ ունի որդի և տարեց մայր, որն արդեն երեք անգամ քաղցկեղով է հիվանդացել։ Քրիմերը շարունակում է օգնել ռուսաստանցի գիտնականներին տեղափոխվել ԱՄՆ և տելեգրամ ալիք է վարում, որտեղ կադրեր է հրապարակում ուկրաինական պատերազմից։

Հրապարակումը` News.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս