Բաժիններ՝

Ճապոնիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծը

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևի նախագիծը։ Ավելի վաղ խորհրդարան նման բանաձև էր ներկայացրել առաջատար ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական ​​կուսակցությունը` իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) քաղաքական նվիրատվությունների հանգանակման խախտումների շուրջ սկանդալի ֆոնին:

Ակնկալվում էր, որ կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը պետք է մերժվի, քանի որ Ստորին պալատում մեծամասնություն են կազմում ԼԴԿ-ն և նրա հետ կոալիցիայի մեջ մտնող «Կոմեյտո» կուսակցությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրանքների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության խոշորագույն խմբակցության գործիչները վերջին հինգ տարիների ընթացքում անձնական օգտագործման համար ապօրինաբար յուրացրել են հասարակության և բիզնեսի կողմից առնվազն 500 միլիոն իեն (ավելի քան 3,4 միլիոն դոլար) գումարի քաղաքական նվիրատվությունները: Սկանդալային պատմության մեջ ներգրավված են տասնյակ ազդեցիկ քաղաքական գործիչներ, ինչպես նաև կառավարության խոսնակ Հիրոկաձու Մացունոն։

Այս սկանդալի պատճառով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ըստ ԶԼՄ-ների, նախատեսում է հեռացնել մի քանի նախարարների և փոխնախարարների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս