Բաժիններ՝

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կողմ է քննարկել բանաձևին, որը պահանջում է անմիջապես մարդասիրական զինադադար հաստատել Գազայում։
Բանաձևին կողմ է քվեարկել 153 երկիր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 23։

Գազայի հատվածում զինադադար պահանջող բանաձևին դեմ արտահայտվող երկրներից էր նաև ԱՄՆ-ն, որն անցյալ շաբաթ վետո էր դրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հումանիտար հրադադարի կոչ անող բանաձևի վրա, որին կողմ էր 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի մեծամասնությունը։

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևը պահանջում է զինադադար հաստատել, բոլոր կողմերին կոչ է անում գործել միջազգային օրենքին համապատասխան, ապահովել հումանիտար կազմակերպությունների մուտքը գերիների մոտ, ինչպես նաև նրանց ազատ արձակել անմիջապես և առանց նախապայմանների։

Ի տարբերություն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի, որի կատարումը պարտադիր բնույթ է կրում, Գլխավոր վեհաժողովի քվեարկությունը քաղաքական բնույթ է կրում և պարտադիր չէ կատարման համար։

Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի իր ռազմական գործողությունները, մինչև չոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը, որը վերահսկում է Գազայի հատվածը։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին պատերազմ է հայտարարել հոկտեմբերի 7-ին խմբավորման զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը մերժել է զինադադարի բոլոր կոչերը, չնայած համաձայնել էր 7-օրյա հումանիտար հրադադարի, որի ընթացքում Գազայում պահվող շուրջ 100 գերի փոխանակվեց Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցիների հետ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 18 400-ը, շուրջ 50 000 մարդ վիրավորվել է։ Գազայի հատվածի բնակչության 85 %-ը տեղահանվել է։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 360 000 մարդ հիվանդ է վարակիչ հիվանդություններով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս