«Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը խզած ՔՊ-ի օրակարգում Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնելու հարց չկա
Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը ներկայացրել է «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցության հուշագիրը միակողմանիորեն խզելու որոշման պատճառները։
Դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանը հիշեցրեց, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» և «Բալասանյան» դաշինքի հետ համագործակցության հուշագիր էին կնքել՝ հիմնված ժողովրդավարության, համագործակցության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա։
«Սակայն հուշագրի ստորագրմանը հաջորդած ժամանակահատվածում խախտվել են վերանշյալ գրեթե բոլոր սկզբունքները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից աշխատանքային քննարկումների ժամանակ բազմիցս բարձրաձայնված փողոցային առևտրի, ապօրինի շինությունների ապամոնտաժման, ծայրահեղ անբարեկարգ ՀՈԱԿ-ների նորոգման և մի շարք այլ հարցեր այդպես էլ մնացել են չլուծված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մշտապես բախվել են «Բալասանյան» դաշինքի ոչ թափանցիկ գործելաոճին, խնդիրներ են ունեցել ֆինանսական և այլ փաստաթղթերի հասանելիության հետ կապված»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Հարությունյանը՝ նշելով, որ այս ամենը և ուրիշ այլ խնդիրներն ուղիղ հետևանք են համայնքի ստվերային կառավարման։
Նրա խոսքով՝ հենց այդ ստվերային կառավարման հետևանքով է, որ «Բալասանյան» դաշինքի հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ ուղղակի չեն կատարվել՝ իրենց տպավորությամբ՝ արտաքին միջամտության բերումով։
Հարությունյանն ընդգծեց, որ «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիր էին կնքել Գյումրին ավելի լավը, ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու համար։ «Այս նպատակներին հասնելու համար էր, որ մենք որոշել էինք Գյումրիի կառավարման գործադիր մարմնի մաս դառնալ։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ դա մեր նպատակներին հասնելու ոչ ճիշտ ճանապարհ էր, և հիմա մենք ասում ենք, որ թե ՏԻՄ, և թե ցանկացած այլ մակարդակում իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ, ու, հրաժարվելով Գյումրիում կառավարման գործադիր մարմնի մեր մասից, մենք հայտնում ենք, որ պատրաստվում ենք գյումրեցիների կողմից մեզ տրված ավագանու 11 մանդատներն ամբողջ ծավալով ծառայեցնել Գյումրիի զարգացմանը և գյումրեցուն»,- մանրամասնեց Քնարիկ Հարությունյանը։
Նա խորհուրդ տվեց «Բալասանյան» դաշինքին ուղղել հարցը, թե որոնք են այն արտաքին ուժերը, որոնց միջամտությամբ դաշինքի և ՔՊ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։ «Մենք շեշտում ենք, որ կա արտաքին ուժերի միջամտություն, և դա է պատճառը, որ մենք այս քայլին գնում ենք»,- ասաց Հարությունյանը։
Նա հստակեցրեց, որ այս պահին Գյումրիի ավագանիում բացարձակ մեծամասնություն չկա, բոլոր ուժերն էլ, ըստ էության, փոքրամասնություններ են։ «Մենք այս առումով երկրորդ խմբակցությունն ենք, և մենք մեր գործունեությունը և լիազորությունները իրականացնելու ենք բացառապես մեր 11 մանդատների շրջանակներում։ Մենք կառավարության հետ փորձելու ենք մեր 11 մանդատներն իրացնել»,- ասաց նա։
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահության հայտնելու հարց ՔՊ-ի օրակարգում այս պահին չկա։ Քնարիկ Հարությունյանը հավելեց, որ իրենք ուղղակի շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով կառավարում իրացնել։
Գյումրիում 2021 թ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էին «Բալասանյան» դաշինքը (9637 ձայն), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (7785 ձայն), Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (1333 ձայն), «Զարթոնք» կուսակցությունը (2793 ձայն) և «Ապրելու երկիր» կուսակցությունը (1489 ձայն): Հոկտեմբերի 30-ին «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, երկու փոխքաղաքապետերի պաշտոնում՝ «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության թեկնածուները:
2023 թվականի դեկտեմբերի 6-ին ՔՊ-ն հայտարարեց հուշագիրը միակողմանիորեն խզելու մասին։ ՔՊ-ն հրաժարվել է նաև քաղաքապետի տեղակալների պաշտոններից։