Դեյվիդ Քեմերոնը դժգոհություն է հայտնել Շոտլանդիայի ղեկավարի և Էրդողանի հանդիպման առնչությամբ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է դադարեցնել աջակցությունը Շոտլանդիայի պաշտոնյաների և նրանց օտարերկրյա գործընկերների հանդիպումների կազմակերպման հարցում այն բանից հետո, երբ Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Յուսաֆը և Էրդողանը հանդիպել են Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում: Հանդիպմանը բրիտանական կառավարության ներկայացուցիչ ներկա չի գտնվել, ինչն, ըստ լորդ Քեմերոնի, արարողակարգի խախտում է։
Յուսաֆի խոսնակը հայտնել է, որ հանդիպմանը բրիտանական պաշտոնյա հրավիրվել է, սակայն պաշտոնյան այլ վայրում է եղել այն պահին, երբ Թուրքիայի նախագահին հարմար է եղել հանդիպել։
BBC-ի տրամադրության տակ է հայտնվել Դեյվիդ Քեմերոնի նամակը՝ ուղղված Շոտլանդիայի սահմանադրական հարցերի, միջազգային հարաբերությունների և մշակույթի նախարար Անգուս Ռոբերտսոնին։ Նամակում նշվում է, որ Շոտլանդիայի կառավարությունը հավաստիացրել էր Բրիտանիայի արտգործնախարարությանը, որ ժամանակին կտեղեկացնի Էրդողանի հետ հանդիպման մասին, որպեսզի բրիտանացի պաշտոնյաները կարողանան ներկա գտնվել դրան, ինչը, սակայն, չի արվել։
Բրիտանական ԱԳՆ-ում BBC-ի աղբյուրները նշել են, որ Շոտլանդիայի կառավարության նման գործողությունները «խաթարում են բրիտանական արտաքին քաղաքականությունը»: Իսկ Համզա Յուսաֆի խոսնակն ասել է, որ Քեմերոնի սպառնալիքներն անիմաստ են և «հակասում են շոտլանդական շահերին»:
Դեկտեմբերի 1-ին Դուբայում Յուսաֆի և Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել է կլիմայի փոփոխությունը և պաղեստինաիսրայելական հակամարտությունը։ Բանակցությունների ընթացքում Շոտլանդիայի առաջին նախարարը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում։ Ինչպես ընդգծում է BBC-ն, Յուսաֆի կարծիքը հակասում է բրիտանական կառավարության դիրքորոշմանը, որն աջակցում է Գազայի հատվածում միայն մարդասիրական դադարներին։