ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման փորձը

Դեկտեմբերի 4-ից 6-ը Իտալիայի Հանրապետության ՆԳ նախարարության հրավերով ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Նունե Պեպանյանը։

Այցը կազմակերպվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ։

Դեկտեմբերի 4-ին ՆԳՆ պատվիրակությանն ընդունել է Ոստիկանական ուժերի համակարգման և պլանավորման գրասենյակի ղեկավար Անունզիատո Վարդեն։ Նա իր ողջույնի խոսքում ընդգծել է երկու պետությունների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը՝ 2017 թվականի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ներդնելով ուժերը իրավապահ համակարգում։ Անունզիատո Վարդեն ներկայացրել է Իտալիայի Հանրապետության իրավապահ համակարգի աշխատանքը, ինչպես նաև Գրասենյակի կողմից իրականացվող գործառույթները։

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իտալական կողմին և ի դեմս ԵԱՀԿ-ի՝ միջազգային կազմակերպություններին՝ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում մշտական ներգրավվածության և աջակցության համար՝ կարևորել է Իտալիայի Հանրապետության հետ դեռևս 2010 թվականին ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, նախարարության կառուցվածքը, ռազմավարական հիմնական ուղղությունները։

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել են Իտալիայի Հանրապետության միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները, Կենտրոնական տեսչական մարմնի գործունեությունը, մարդկային ռեսուրսների կառավարման հետ կապված աշխատանքները, կազմակերպչական և ինստիտուցիոնալ խնդիրները։

Ներկայացվել են նաև հասարակական կարգի և անվտանգության ծառայության գրասենյակի գործունեությունը, կառավարման իտալական մոդելը, հանրային միջոցառումների և դրանց անվտանգության ապահովման ուղղությամբ Իտալիայի Հանրապետության ոստիկանությունում գործող հոգեբանական ծառայության գործառույթները։

Դեկտեմբերի 5-ին ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետության Պետական ոստիկանության առաջին շարժական վարչություն, որտեղ ՆԳՆ պատվիրակությանը ներկայացվել են զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման վերաբերյալ մանրամասներ, ցուցադրվել են օգտագործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները և սպառազինությունը, նաև վարչության շարժական խմբերի գործառույթները՝ ըստ ենթակայության։

Նույն օրը ՆԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Պետական ոստիկանության հանցավորության դեմ պայքարող կենտրոնական վարչություն, որտեղ Արամ Հովհաննիսյանը հանդիպել է վարչության և Օպերատիվ շտաբի ղեկավար կազմի հետ։

Ներկայացվել են կազմակերպված և ընդհանուր հանցավորության դրսևորումները, դրանց դեմ Պետական ոստիկանության կողմից տարվող պայքարի ուղղությունները։

Այցի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել նաև Պետական ոստիկանության օպերատիվ շտաբում Կիբեռհանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնում։

Տեսանյութեր

Լրահոս