Քննարկվո՞ւմ է Արցախի գերեվարված պաշտոնյաների հարցը. ԱԳ փոխնախարարը չպատասխանեց

Այսօր ԱԺ-ում լրագրողներն Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բացի երեկվա համատեղ հայտարարությունից, ի՞նչ այլ քայլեր են ձեռնարկելու՝ միմյանց միջև վստահության ապահովման համար։

ԱԳ փոխնախարարը նախ ասաց, որ շտապում է, հետո էլ ավելացրեց, որ հայտարարության մեջ ամեն ինչ նշված է։

Հարցին՝ արցախցի գերեվարված պաշտոնյաների հարցն արդյո՞ք քննարկվում է, արտաքին գերատեսչության փոխնախարարը չպատասխանեց։

Հաջորդ հարցին՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում նախատեսվա՞ծ է, Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ կլինեն համապատասխան հայտարարություններ, և խորհուրդ տվեց հետևել լրահոսին։

Կարդացեք նաև

Արտաքին գերատեսչության պաշտոնյան չպատասխանեց նաև լրագրողների մյուս հարցերին՝ ադրբեջանական կողմի առաջարկներին ծանո՞թ է, արդյո՞ք Ադրբեջանը շարունակում է իր առաջարկներում պնդել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան։ Մոսկվայից ասում են, որ Հայաստանը հանդիպումներին չի մասնակցում, ի՞նչ ձևաչափի հանդիպման մասին է խոսքը։

ԱԳ փոխնախարարը պատասխաններից խուսափելը պատճառաբանեց, թե  շտապում է,  իսկ լրագրողները թույլ չեն տալիս իրեն գնալ նախատեսված հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։

«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս