Գերիների անուններ առայժմ մի շրջանառեք, նրանց վերադարձն օրերի կամ ժամերի հարց է՝ փոխանակումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին. Սարգիս Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը։
Ըստ իշխանական պատգամավորի, երեկ երեկոյան հրապարակված հայտարարությունն ամբողջությամբ հումանիտար բնույթ է կրում:
«Տեղի է ունեցել բանակցություններ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, որի արդյունքում եղել է այս հայտարարությունը՝ որպես գործընթաց։ Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին որևէ նշում չկա, այդ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»,- նշեց Սարգիս Խանդանյանը։
Հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ բանակցությունների երկկողմ ձևաչափի հի՞մք է դրվում, պատգամավորը պատասխանեց, որ հարցը վերաբերում է հումանիտար և շատ զգայուն՝ գերիների վերադարձի խնդրին, որի շուրջ շատ երկար խոսել են։
«Հնարավոր է դարձել այս ձևաչափում այդ հարցը բանակցել և լուծել, սա շատ կարևոր հայտարարություն է, չի կարելի թերագնահատել, ոչ էլ կարելի է գերագնահատել ընդհանուր բանակցային գործընթացում։ Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն կետերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հունիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում։ Հայաստանը միջնորդ կողմերին հորդորում է ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- հավելեց նա։
Գերիների անունների մասին ճշտող հարցին Սարգիս Խանդանյանը գերադասեց չանդրադառնալ և որևէ մեկի անուն չհնչեցնել՝ հիմնավորելով, որ նախ՝ մանրամասներին ծանոթ չէ, բացի այդ՝ թեման շատ զգայուն է։
«Մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, քանի որ սա կարող է բարդ լինել գերիների հարազատների համար։ Ըստ հայտարարության, դա կարող է տեղի ունենալ մոտակա ժամանակահատվածում, դա ժամերի կամ օրերի հարց է։ Եթե չեմ սխալվում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վրա է տեղի ունենալու փոխանակումը»,- ընդգծեց Սարգիս Խանդանյանը։
Թե Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի ղեկավարների միջև բանակցությունները երբվանի՞ց են սկսվել, Սարգիս Խանդանյանի ենթադրությամբ՝ խոսքը վերջին շաբաթների մասին է։
Հարցին՝ Ադրբեջանում պահվող մյուս գերիների վերադարձն ինչպե՞ս է լինելու, որոնց մասին իրավապաշտպաններն են նշում, Ս. Խանդանյանը պատասխանեց, որ սա գործընթացի մի մասն է, շարունակելու են աշխատանքներ տանել՝ թե՛ դիվանագիտության, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որպեսզի բոլոր գերիները և պահվող անձինք նմանատիպ գործընթացով վերադարձվեն։
Իշխանական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանին վերադարձվելու են ադրբեջանցի երկու կալանավորված զինվորները, խոսքն ամիսներ առաջ կալանավորվածների մասին է, որոնցից մեկը Սյունիքում ՀՀ քաղաքացու էր սպանել, իսկ վերջերս ՀՀ դատարանի վճռով դատապարվել է ցմահ ազատազրկման: Այլ կալանավորված ադրբեջանցի Հայաստանում չկա, ասաց նա:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանն ու գործիչներին հայրենիք վերադարձնելուն, Սարգիս Խանդանյանն ասաց՝ ոչինչ չի կարող ասել, քանի որ այդ հարցի վերաբերյալ տեղեկություններին չի տիրապետում։