
Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – ասված է դեսպանի հայտարարության մեջ։
Ջալալին նշել է, որ արագ փոփոխվող իրադարձությունների պայմաններում Իրանի նախագահի այցը և Թեհրանի ու Մոսկվայի փոխգործակցությունը «կարևոր ներդրում են նոր աշխարհակարգի ձևավորման գործում»։
Դեկտեմբերի 6-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Մոսկվայում Պուտինը և Ռայիսին բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: