Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի ՊՀԾ Հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուին, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանին, ծրագրի և կենտրոնի այլ պատասխանատու աշխատակիցների։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հյուրերը հանդիպման սկզբում ներկայացրել են իրենց համագործակցությամբ մարզում իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են 2022 թվականին Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիայի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրմանը։
Ծրագրի շրջանակներում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրում հրազենային բեկորներից և պայթյունավտանգ մնացորդներից մաքրվել է շուրջ 14 600, Սոթք բնակավայրում` շուրջ 5370 քառակուսի մետր տարածք։
Հրետակոծությունից տուժած տնտեսությունների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով Պարենի համաշխարհային ծրագրի կողմից նշյալ մաքրված տարածքներում նաև իրականացվում են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ ուշադրության կենտրոնում հատկապես ունենալով պարենային, էներգետիկ և ջրային ռեսուրսների ապահովման և դրանց հետ կապված անվտանգության հարհարցերը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տվյալ ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարի իրագործմանն ուղղված տարբերակները, որոնք կարող են ծառայել սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների տնտեսական խնդիրների բարելավմանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել մարզի սահմանային բնակավայրերում նման ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով կողմերի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից մարզում ներդրված «Ամբողջահատիկ արժեշղթա» ծրագրին, որը ներդրվելու է «Դպրոցական սնունդ» ծրագրում։ Ծրագրի գործարկման նպատակով արդեն բավարար նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, և մոտ ապագայում մարզի հանրակրթական դպրոցները հնարավորություն կունենան օգտվել ամբողջահատիկ ցորենով թխված հացամթերքից։
Խոսրով Խլղաթյան