
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստից հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու որոշման վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Նրանց ֆիզիկական բացակայությունը մեծապես չի արգելակում այլ անդամ երկրների կողմից… հավաքական փաստաթղթերի ընդունման համաձայնեցման գործընթացները, որոնց նրանք… շատ դեպքերում միանում են», – ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով դեկտեմբերի 5-ին գրավոր հաստատել է, որ չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:
ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին վերջերս չեն մասնակցել նաև ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարն ու ԱԽ քարտուղարը: