
Սաուդյան Արաբիան և Կատարն Իրանին կոչ են արել համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ

Սաուդյան Արաբիայի և Կատարի ղեկավարներն Իրանի իշխանություններին կոչ են արել լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այդ մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դոհայում Կատարի և Սաուդյան Արաբիայի համակարգող խորհրդի բարձր մակարդակի նիստի արդյունքներով։
«Երկու կողմերը նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը կոչ են արել լիովին համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հարցով», – նշված է հայտարարությունում։
Դոհան և Էր Ռիադը նաև նշել են «ցանկացած համաձայնության» հասնելու կարևորությունը, «որը կնպաստի համապարփակ բանակցությունների մեկնարկին, որոնց կմասնակցեն տարածաշրջանի երկրները»:
Սեպտեմբերի 17-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Իրանը կազմակերպությանը տեղեկացրել է ուրանի հարստացման օբյեկտներում ստուգումներ իրականացնող մի քանի տեսուչների լիազորագրումը հետ կանչելու իր որոշման մասին: Fars գործակալության տվյալներով՝ լիազորագրումից զրկվել են ՄԱԳԱՏԷ-ի ութ տեսուչներ։ Մեկնաբանելով Թեհրանի այս որոշումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նշել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երեք երկրներ «չարաշահել են» ՄԱԳԱՏԷ-ի «Կառավարիչների խորհրդի լիազորություններն» իրենց քաղաքական նպատակներով։ Դիվանագետը հավելել է, որ Իրանը կշարունակի համագործակցել գործակալության հետ առկա համաձայնությունների շրջանակներում: