ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին նշվում է սենատորի նամակում Էնթոնի Բլինքենին։
«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», – գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։
Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։
Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», – եզրափակել է սենատորը։