Իսրայելի ներքին հետախուզություն․ «Վճռական ենք տրամադրված Կատարում, Թուրքիայում և Լիբանանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու հարցում»
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը հայտնել է, որ Իսրայելը սպանության ծրագրեր է պատրաստում Պաղեստինից դուրս բնակվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամների դեմ։ Նշվում է, որ Իսրայելի հետխուզական ստորաբաժանումները թիրախավորելու են Լիբանանում, Թուրքիայում և Կատարում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին։
Իսրայելի ներքին հետախուզության (Շին-Բեթ կամ Շաբաք) պետ Ռոնեն Բարը Իսրայելի պետական «KAN» հեռուստատեսությամբ հայտարարել է, որ վճռական են տրամադրված աշխարհի ցանկացած կետում այդ թվում` Կատարում, Թուրքիայում և Լիբանանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու հարցում, նույնիսկ եթե դրա համար տարիներ պահանջվի։
Թուրքական հետախուզական աղբյուրները նշել են, որ արվել են անհրաժեշտ նախազգուշացումներ` հիմնվելով միջազգային մամուլում հրապարակված լուրերի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա, առ այն, որ Իսրայելը թիրախավորելու է Պաղեստինից դուրս բնակվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամներին՝ այդ թվում Թուրքիայում գտնվողներին: Նշվել է նաև, որ հակառակ դեպքում նման դիրքրոշումը կհանգեցնի լուրջ հետևանքների։
Թուրքիայի պետական լրատվական «Anadolu Ajansı» գործակալության հետ զրույցում պաշտոնյաներից մեկը ում անունը չի հիշատակվում, նշել է, որ նախկինում տարբեր հետախուզական ծառայություններ փորձել են անօրինական գործողություններ կատարել Թուրքիայի Հանրապետության տարածքում և շեշտել, որ ոչ մի ծառայության թույլ չի տրվի նման գործողություններ իրականացնել։