
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջխաղացմանը։ Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միրզոյանն ու Լավրովն այսօր հանդիպել են Սկոպյեում։ ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ պաշտոնյաների միջև կարճատև զրույց է եղել։
«Ռուսական կողմը հաստատել է, որ պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում` Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հաստատվել է տարբեր մակարդակներում հետագա շփումների պահանջվածությունը։