Ի՞նչ է արել թշնամին այսօր
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Ազգային անվտանգության խորհրդի 2023թ.-ի վերջին նիստը։ Նիստի օրակարգում Գազայի հատվածի, ինչպես նաև Կովկասի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էին։ Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին:
Նախիջևանում ադրբեջանական զորքերի կողմից անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Ըստ մարզման պլանի` ստորաբաժանումները կատարել են «պայմանական թշնամու» դիրքերի ուղղությամբ հարձակման անցնելու առաջադրանք։
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովից առաջ, Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպմանը քննարկվել են վերջին զարգացումները Գազայում, ինչպես նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կմասնակցի մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Օկուպացված Բերձոր են տեսափոխվել ադրբեջանական ևս 17 ընտանիքներ: Այժմ այնտեղ կա 363 ընտանիքի կամ 1389 հոգու մշտական բնակավայր:
Անկարայում քննարկվել են Եվրամիության և Թուրքիայի ընդհանուր հետաքրքրություններին վերաբերող հարցեր՝ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող, «X»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ալիևի հրամանագրով 2024 թվականի հունվարի 1-ից ադրբեջանցի զինծառայողների ամսական աշխատավարձերը կբարձրացվեն միջինը 20%-ով:
«Հայկական ալիք» տելեգրամային ալիք