«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն արձագանքել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի շուրջ Բաքվի համակարգային հիստերիային

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն համահայկական միություն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի շուրջ համակարգային հիստերիային՝ նշելով, որ իր գոյության մեկ հարյուրամյակի ընթացքում Ադրբեջանը հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն էթնիկ զտումների կատարյալ պրակտիկայով, այլև մշակութային ցեղասպանության և այդ հանցանքից ու պատասխանատվությունից հմտորեն հրաժարվելու պատրաստակամությամբ։

Միության տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ադրբեջան պետության ստեղծումից ի վեր հայկական մշակութային ժառանգությունը պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայտնվել է գոյաբանական սպանալիքի առջև։ Ցավոք, անցած տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ամենաբիրտ մեթոդներով յուրացմանը, խեղմանը կամ ուղղակի ոչնչացմանը, ինչը հետևանք է այն խորը ռասայական և կրոնական խտրական գիտակցության, որը պետական մակարդակով տիրապետում է Ադրբեջանում։

Ադրբեջանը հանցանքի ու պատասխանատվության իր մասնաբաժնից հրաժարվելու նպատակադրությամբ պարբերաբար անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին։ Մինչդեռ մեծ հարց է ծագում՝ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը պատասխանել այն հարցին, թե որտեղ են պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայերը, ինչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը և թե ինչու և ինչպես է հայկական մշակութային ժառանգությունը շարունակաբար խեղվում կամ ոչնչացվում։

1998-2006թթ. ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների անմիջական մասնակցությամբ ոչնչացվեցին Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր եզակի խաչքարեր ու տապանաքարեր, որոնք նյութական արվեստի եզակի նմուշներ էին, իսկ գերեզմանատան տարածքը վերածվեց հրաձգարանի։ Եթե Ադրբեջանը չի ընդունում իր հանցանքը, ապա ինչո՞ւ թույլ չի տալիս միջազգային կազմակերպություններին տեղում ուսումնասիրել իրավիճակը։ Պատասխանը չափազանց պարզ է․ երբ անհնար է հերքել իրողությունը, օգնության են գալիս արգելքի ու ստվերման բռնատիրական մեթոդները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Սակայն, նման որոշումից հետո էլ Ադրբեջանն անարգել շարունակում է իր գործողությունները, որ վառ վկայությունն է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու «վերակառուցմամբ» պայմանավորած ինքնության խեղաթյուրումը, Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նկատմամբ վանդալիզմը, Շուշիի հայկական պատմական գերեզմանատան միջով ճանապարհի անցկացումը, որի հետևանքով դեռևս անհայտ թվով տապանաքարեր են վնասվել կամ ուղղակի ոչնչացվել։

Մեր և աշխարհի համար նման բարբարոս վարքն այլևս նորություն չէ, որովհետև մինչև Շուշիի հայկական գերեզմանատունը պղծելը, ադրբեջանական անհանդուրժողականության ռազմամեքենան արդեն անցել էր Բաքվի Մոնտինոյի հայկական գերեզմանատան վրայով՝ այն գրեթե ամբողջությամբ վերացնելով։ Շարքը կարելի է դեռ երկար շարունակել այնքան ժամանակ քանի դեռ Ադրբեջանը չի հաղթահարել էթնոֆոբ քաղաքականության բարդույթը և հաշվի նստել մարդասիրության ու փոխադարձ հարգանքի համաշխարհային չափանիշների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս