Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել

Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման եւ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ՝ զեկույցները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիայի քաղաքականությունը, նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան զեկույցում նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումը չի կարող անհետևանք մնալ, և կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։ Ինչպես նաեւ կոչ է արվում կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, եւ հաշվի առնելով վերջին իրադարձություններն ու Ադրբեջանում մարդու իրավունքների դրամատիկ իրավիճակը դադարեցնել նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ։

«Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում», – ասված է զեկույցում։

Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը, կոչ է անում Եվրոպական Խորհրդին ավելացնել առաքելության կազմում տեղակայված փորձագետների թիվը, ավելացնել առաքելության կարողությունները և աշխարհագրական շրջանակը, ինչպես նաեւ երկարացնել դրա տեղակայման ժամկետը ևս հինգ տարով: Ինչպես նաեւ Ադրբեջանին կոչ է արվում թույլ տալ նույն առաքելության տեղակայումն իր տարածքում եւ Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի անվտանգության, անկախության ու ինքնիշխանության պաշտպանության հարցում ԵՄ-ի աջակցության մասին։ Զեկույցը կոչ է անում «նպաստել պաշտպանության ոլորտում կողմերի միջև առավել համապարփակ և ընդլայնված համագործակցությանը»։

Եվրոպական Խորհրդին կոչ է արվում պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատով, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։

ԵԽ ընդունած ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցն իր հերթին դատապարտում է Ադրբեջանի նախապես ծրագրված եւ չարդարացված հարձակումը ԼՂ հայության դեմ եւ պահանջում պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Զեկույցն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին, որոնք լրջորեն խոչընդոտվել են Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին ռազմական գործողության և դե-ֆակտո էթնիկ զտումների պատճառով։

Զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Գովաբանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն հայտարարության համար, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաեւ ողջունում է Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը։

Լիլիթ Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս