Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Իսրայելի կառավարության քարտուղար Յոսի Ֆուկսը սոցիալական ցանցի «X» հարթակում ասել է, որ պատանդների փոխանակման գործարք չի լինի, որը կհանգեցնի պատերազմի ավարտին կամ տևական զինադադարին, նման լուրերը կեղծ են։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախապես մամուլում ի հայտ էր եկել հրապարակում այն մասին, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի հետախուզության պաշտոնյաները Դոհայում Քաթարի իշխանությունների հետ քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը, որի համաձայն պաղեստինյան շարժումը կազատի բոլոր պատանդներին՝ ներառյալ զինվորներին, և Իսրայելն ի պատասխան բանտերից կազատի էլ ավելի շատ պաղեստինցիների և կհամաձայնի Գազայի հատվածում երկարաժամկետ զինադադարի: Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, արձագանքելով այդ հրապարակմանը, սպառնացել է փլուզել իշխող կոալիցիան, եթե հրադադարի ավարտից հետո Իսրայելը չվերսկսի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ։
Նախօրեին Համասը և Իսրայելը, Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ, պայմանավորվել են ևս երկու օրով երկարաձգել մարդասիրական չորսօրյա զինադադարը՝ ավելի շատ մարդկանց ազատելու համար: Զինադադարը ուժի մեջ է մինչև նոյեմբերի 30-ի առավոտը։