Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա՝ լոբբինգի վրա Ադրբեջանի վատնած միլիարդների մասին հայտարարելու համար

Անցյալ շաբաթ Alpha News հեռուստաընկերությունը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջո Բայդենի իրավասությունը՝ շրջանցելու Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Եթե Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն տա այս օրինագծին, ապա այն կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար, որից հետո այն օրենքի ուժ կստանա: 1992 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ նախագահ Բայդենը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ հոդվածը՝ այդպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրելով Ադրբեջանին։

Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որն այն որակել է որպես հարված հայ-ադրբեջանական հարաբերություններին և չեղարկել իր մասնակցությունը նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնի բանակցություններին երկու երկրների արտգործնախարարների միջև։

Alpha News-ին տված հարցազրույցի ժամանակ ես հայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դեմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիվ խոշոր լոբբիստական ընկերություններ՝ Վաշինգտոնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լոբբիստական ընկերությունների համար։ Ավելացնեմ, որ այս լոբբիստական ընկերությունների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետևաբար, ցանկացած կառավարություն, որը կիմանա նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապես կազատի իր դեսպանին։ Եթե նախագահ Ալիևը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նույնքան պատասխանատու կլինի անօգուտ լոբբիստական ընկերությունների վրա միլիոնավոր դոլարների վատնման համար, որոնք չեն կարողացել համոզել 100-ից գոնե մի սենատորի քվեարկել հօգուտ Ադրբեջանի:

Alpha News-ին տված հարցազրույցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ AzerNews-ը, հրապարակեց ծավալուն հոդված՝ «Կաշառք տալով կոնգրեսականներին, հայկական լոբբին վտանգ է ներկայացնում Երևանի ապագայի համար» վերնագրով, հարձակվելով անձամբ ինձ վրա՝ այն բանի համար, որ հայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վատնել լոբբինգի վրա։ Ահա թե ինչպես են վարվում անամոթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղավոր:

Ամբողջ աշխարհը տեղյակ է Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» և ադրբեջանական փողերի լվացման մասին, որ միլիարդավոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եվրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները և նրա կեղծ նախագահական ընտրությունները արդարացնելու համար:

AzerNews-ն անամոթաբար հայտարարում է, որ «արտերկրում Հայաստանի լոբբիստական կազմակերպությունները միլիոններ, իսկ գուցե միլիարդներ են լցնում կոնգրեսականների գրպանները, ուստի, Արևմուտքից կհնչեն անհիմն և կողմնակալ կարծիքներ ընդդեմ Ադրբեջանի»։

Վերոնշյալ նախադասության մեջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարությունը ոչ մի ամերիկյան լոբբիստական ընկերություն չի վարձել պարզապես այն պատճառով, որ չունի այն հսկայական նավթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, և որոնք վատնում է Վաշինգտոնում լոբբիստական ընկերությունների վրա՝ փոխարենը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպությունները միլիոնավոր, էլ չասած միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկավոր չէ կաշառել որևէ մեկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որևէ մեկին կաշառելու ճշմարտության մեջ համոզելու համար: Միայն այն դեպքում, երբ դու զանգվածային հանցագործություններ ես կատարում, ինչպես բազմիցս անում են Ադրբեջանը և Թուրքիան, պետք է միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ ծախսես քո հանցագործությունները կոծկելու համար:

AzerNews-ն այնուհետև մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրված է մասնակցել գործընկերության որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլորեն անում է հիմա»: Թեև այս նախադասությունը քերականորեն սխալ է կազմված, ադրբեջանցի գրողը կարծես թե ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին: Սա անօգուտ հայտարարություն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդեն կաշառում է օտարերկրյա պաշտոնյաներին։

Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որևէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին և իրավապաշտպաններին, իսկ նրա զինվորները նողկալի ռազմական հանցագործություններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարությունները և գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ և ցեղասպանություն իրագործել հայ բնակչության նկատմամբ։ Ավելին, ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինվորին՝ գլխատելով նրան։ Ալիևը կաշառեց Հունգարիայի կառավարությանը նրան բանտից ազատելու համար, իսկ հետո նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։

Ես շնորհակալ եմ AzerNews-ին՝ Գլենդելում (Կալիֆորնիա) իմ տված հարցազրույցին Բաքվից ուշի ուշով հետևելու և անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Հոդվածագիրը՝ AzerNews-ի գլխավոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնվերօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրույցը գտնելու, այլև այն հայերենից անգլերեն թարգմանելու համար։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս