Մեքենան Երևանում գողացել և թողել էր Գյումրիի Երևանյան խճուղում
Նոյեմբերի 25-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վանթյան փողոցի գյուղմթերքների շուկայի մոտից գողացել են Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակչի «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան՝ պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Մալաթիայի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 26-ի ժամը 04.00-ին «ՎԱԶ-2106»-ը, առանց վարորդի, հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում:
Ավտոքարշակի միջոցով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն ու բաժնի վետերանները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են նշված հանցագործությունը կատարողի ինքնությունը: 56-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: