Երգիչը մեղադրվում է կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Դատավարության ընթացքում փաստաբան Դավիթ Սանաձեն միջնորդել է Կախա Աբուաշվիլիին ազատ արձակել առանց խափանման միջոցի։ Իսկ որպես այլընտրանք՝ միջնորդություն է ներկայացրել 5000 լարի գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքը։
«Քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 25-ին Թբիլիսիում ավտոմեքենայով տեղափոխվելու ժամանակ Կախա Աբուաշվիլին իր հետ եղած կնոջ՝ Թ.Ա.-ի ոտքին և ձեռքին մի քանի անգամ դանակի բացված շեղբով հարվածներ է հասցրել:
Մեղադրյալը, ցույց տալով դանակը, սպառնացել է տուժողին առողջությանը վնաս պատճառել և բացված դանակը երկու անգամ թափահարել է նրա ուղղությամբ»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասված է դատախազության հաղորդագրությունում։
Ըստ տեղեկության՝ Աբուաշվիլին մեքենայում ունեցել է նաև «Ալֆա-պվպ» տեսակի թմրանյութ, ընդհանուր քաշը՝ 1,28 գրամ, որը փաթեթավորված է եղել փակ պոլիէթիլենային տոպրակով:
Աբուաշվիլիին մեղադրվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, 151 հոդվածի առաջին մասով, 260 հոդվածի առաջին մասով: