«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի նոյեմբերի 28-ի հայտարարությանը՝ նշելով, որ այն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։

Միության հայտարարության մեջ նշված է. «Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ոչ խաղաղ ճանապարհով տարածաշրջանային կոմունիկացիաների և առևտրական ուղիների բացումը բացարձակ անընդունելի է ԱՄՆ-ի համար և որ Վաշինգտոնը կօգտագործի հնարավոր բոլոր գործիքները՝ կանխելու նման առևտրային ճանապարհի ստեղծումը։

Մենք ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նման հայտարարությունը, որն, ըստ էության, արտացոլում է ԱՄՆ դիրքորոշումը տարածաշրջանային հավանական զարգացումների նկատմամբ։ Պետք է նկատել սակայն, որ առկա խնդիրների՝ ոչ խաղաղ միջոցներով անցյալում իրականացված լուծումներն ու դրանց անպատժելիությունն է, որ այսօր նմանատիպ սցենարների կրկնության իրական վտանգ է ստեղծում։

Նման եզրակացությունը հիմնված է իրական փաստերի պարզ համադրության վրա։ Օրինակ՝ 1918թ․ սեպտեմբերին Բաքվի 30 հազար հայերի դաժան կոտորածի անպատժելիությունն էր, որ հնարավորություն տվեց Ադրբեջանին 1988-1992 թ․ ամբողջապես հայաթափել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքը, շարունակաբար ջնջել հայկական խորը հետքը նշված տարածքներից։ Մշակութային վանդալիզմի, էթնիկ և կրոնական խտրական հռետորաբանության նկատմամբ միջազգային անտարբերությունն էր նաև, որ հանգեցրեց 2020-2023թթ․ պատերազմական ցավալի իրադարձություններին՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափմանը և Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության գոյության համար իրական սպառնալիքի ստեղծմանը։

Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին և բոլոր այն պետություններին, որոնք անաչառ գնահատական են տալիս անցյալի և ներկայի իրողություններին և դրանք կոչում են իրենց անուններով։ Չենք կարող չարձանագրել նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, հանցանքի օբյեկտիվ քննադատությունը և պատասխանատվության կոչը առաջացրել ու առաջացնում է բռնապետների ցասումը»։

Տեսանյութեր

Լրահոս