Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները. «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ «Հետքը» տեղեկացավ, որ նոյեմբերի 27-ին իրավապահները նրանց ապօրինի գործող հանքի տարածքից տեղափոխվել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։
Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ապօրինի ավազի արդյունահանման հետևանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Ըստ դատախազության՝ 2023 թ․-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետևանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Բացի այդ, 2023 թ․-ի սեպտեմբերի 23-ին «Արարակ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64.3 հա հողատարածքում իրականացված ավազակոպճային խառնուրդի արդյունահանման և իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ տեսչականի աշխատակիցները փետրվարի 1-ին են Ռանչպար գյուղում բացահայտել ավազի ապօրինի արդյունահանման և ջրօգտագործման դեպքը։ Ջրօգտագործման մասով վարչական պատասխանատվության են ենթարկել իրավախախտին, իսկ ապօրինի հանքարդյունահանման փաստերը փոխանցել են Քննչական կոմիտե, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթը։
Հիշեցնենք, որ ավազի ապօրինի արդյունահանման մասին մեր հրապարակումից հետո Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, «Արարակ» ՍՊԸ-ում ունեցած իր 100 % բաժնեմասը փոխանցել է այլ անձի՝ Վրեժ Եղոյանին, որը Սերգեյ Բագրատյանի բիզնես գործընկերներից է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: