Բաժիններ՝

«Հիմնարար գիտական գրադարանը մեր ակադեմիական համակարգի ամենակարևոր կառույցներից է». տեղի է ունեցել «Ակադեմիա-80» հոբելյանական միջոցառումը

Նոյեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ակադեմիա-80» միջոցառումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյակին։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, Հայաստանի գիտակրթական և մշակութային ինստիտուտների և կենտրոնների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

«Հիմնարար գիտական գրադարանը մեր ակադեմիական համակարգի ամենակարևոր կառույցներից է։ Նրա խնդիրներից է մեր գիտական արդյունքների ներկայացումը։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է մեծ ծավալի՝ մոտ 4 միլիոն նյութերին, որոնք կան գրադարանում։ Ես կարևորում եմ այն գործունեությունը, որն իրականացնում է գրադարանն ամեն մի հետազոտողի համար։ Առանձնապես կարևոր է վերջին տասնամյակների գործունեությունը, որովհետև նոր տեխնոլոգիաների կիրառությունը գրադարանային ոլորտում ամենադժվար և ամենակարևոր հարցերից է, հատկապես՝ թվայնացումը։ Գրադարանը պատվով է կատարել այդ դժվարին գործը։ Ես ձեզ մաղթում եմ հաջողություններ, ցանկանում, որ հավատարիմ լինեք մեր հիմնական գաղափարներին, պահպանեք այն բարձր մակարդակը, որը գրադարանն ունեցել է տասնամյակների ընթացքում», – ասաց ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

«Գրադարանը մեր բոլորիս կյանքում խաղացել է շատ կարևոր դեր։ Առանց գրքի, առանց գրադարանում աշխատելու հնարավոր չէ դառնալ լուրջ մասնագետ։ Գրադարանը շատ վճռական դեր է խաղում մարդու ինտելեկտուալ զարգացման գործում։ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը մեծ ավանդ ունի ակադեմիայի գրադարանի համալրման գործում։ Մեր գիտնականների Հայ ժողովրդի պատմության 8 հատորյակը, Հայ գրականության պատմության 5 հատորյակը, որոնք արժանացել են պետական մրցանակի, գտնվում են գրադարանում։ Նաև բոլոր հանրագիտարանները, որոնք հրատարակել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը, մեր հանդեսները։

Այսօր դուք ունեք մրցակից՝ համացանցը։ Բայց եթե խորը վերլուծենք, այն երբեք չի կարողանա փոխարինել գրադարանին։ Դուք կարող եք էլեկտրոնային եղանակներով ապահովել ընթերցողների մուտքն աշխարհի գրադարաններ՝ նրանց գրքերին հաղորդակցվելու համար։ Դուք ձեր մեծ ավանդն եք դնում Հայաստանում գիտության զարգացման և հայ գիտնականների ձևավորման գործում», – ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի իրականացրած գործունեությունն իր ելույթում բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը՝ համադրելով այն աշխարհի առաջադեմ գրադարանների աշխատանքի հետ։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը նշեց, որ միջոցառման նպատակն է ներկայացնել «Գիտությունների ազգային ակադեմիա-80» և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» շտեմարանները։

«Գիտությունների ազգային ակադեմիա-80» հավաքածուի մեջ ներառված են ՀՀ ԳԱԱ գործունեությունը լուսաբանող կամ գիտական այս կառույցին առնչվող նյութեր՝ համապատասխան թվային տարբերակներով։

«Ակադեմիկոսների կենսամատենագիտություններ» հավաքածուի մեջ ներառված են տվյալներ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կյանքի և գործունեության վերաբերյալ։ Ներկայացված է յուրաքանչյուր գիտական գործչի կենսագրությունը, կյանքի և գործունեության տարեգրությունը, ինչպես նաև մատենագիտությունը, որը բաղկացած է երկու մասից՝ տվյալ ակադեմիկոսի գիտական հրապարակումների ցանկը և նրա մասին նյութերը։

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց Հիմնարար գիտական գրադարանի պատրաստած՝ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին նվիրված տեսանյութը: Զուգահեռ կազմակերպվել էր ցուցադրություն գրադարանի ընթերցասրահում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս