
Բյուջեից շուրջ 69 միլիոն 185.000 դրամ է հատկացվել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն ընդունելու համար

Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:
Խորհրդարանից հայտնել էին, որ դեռ հունիսին էր Երևանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից պաշտոնական նամակով դիմել ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:
Թե ինչ տվեց նստաշրջանը Հայաստանում անցկացնելու այս առաջարկը Հայաստանի Հանրապետությանը, դեռ պարզ չէ, բայց թե ինչքան արժեցավ այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա՝ արդեն հայտնի է:
Պետգնումների armeps համակարգից տեղեկանում ենք, որ այս վեհ առաքելության համար Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով (ՄԱ) պետության կարիքների համար ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր է կնքում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հետ:
Ըստ պայմանագրի՝ ՓԲԸ-ն 69 միլիոն 184 հազար 860 դրամով պետք է կազմակերպեր նստաշրջանի անցկացումը՝ տեխնիկական հագեցվածությամբ և գործառնական սպասարկումով ապահովելով ֆոյեն, դահլիճը և հանդիպումների սենյակը:
Էկրան, ականջակալներ, աթոռներ, բաներներ, լուսային սարքեր, տպիչներ, ինտերնետ ծառայություններ, թարգմանչական կրպակ և այլն. ահա սրանք են ներառված պայմանագրի տեխնիկական բնութագրին կից հավելվածում: