Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ
Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ:
Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերզված ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու մասին:
Նա նաև խոսելով տարածաշրջանում «կապուղիների ապաշրջափակումից», այն կարևոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից:
Բացի այդ, այս համատեքստում Գյուլերը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ:
Թուրքիպայի Պնախարարը խոսել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից: Այս առումով շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այն, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն:
Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված և Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում:
Անդրադառնալով հանդիպմանը, Գյուլերը հայտարարել է, որ դրա շնորհիվ հնարավորություն են ստացել քննարկել իրենց երկրների միջև առկա ու պոտենցիալ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։
Նրա խոսքով՝ հանդիպմանը ևս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունը Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։
Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»,-հավելել է նա։